Վարորդական վկայական ստանալու գործընթացը կթվայնացվի

Հուլիսի 2-ին Կառավարության նիստում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է վարորդական վկայական ստանալու համար քննությունների ընդունման և վարորդական վկայականների տրամադրման կարգում փոփոխությունների նախագիծը։
Նախարարը նշել է, որ հաշվառման-քննական ծառայությունների բարելավման շրջանակում

ՆԳ նախարարությունը շարունակաբար պահպանում է ակտիվ երկխոսությունը քաղաքացիների հետ, և ներկայացվող լուծումները ձևավորվել են հենց այդ համատեքստում։

Նախագծով առաջարկվող առաջին փոփոխությունը բխում է կառավարության թվայնացման հանձնառությունից։ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ գործող կարգավորումներով բժշկական հաստատությունների, այդ թվում՝ «Արմեդ» համակարգի հետ բավարար ինտենսիվ փոխգործակցություն բացակայել է որոշ դեպքերում վարելու իրավունք է տրամադրվել թմրաբանական կամ հոգեբուժական հաստատություններում հաշվառված անձանց, և միայն այդ հանգամանքի բացահայտման արդյունքում նրանց վարելու իրավունքը դադարեցվել է։

Նոր փոփոխությամբ նախատեսվում է ապահովել «Արմեդ» համակարգի հետ ավտոմատ փոխգործակցություն, ինչի արդյունքում նման տվյալները կբացահայտվեն ինքնաշխատ եղանակով։ Ավելին՝ անգամ այն դեպքերում, երբ քաղաքացին չի ներկայացել հաշվառման-քննական ստորաբաժանում, համակարգից ստացված ազդակը կարող է վարելու իրավունքի դադարեցման համար հիմք հանդիսանալ։

Երկրորդ փոփոխությունը վերաբերում է տեսական քննության դրական արդյունքի պահպանման ժամկետին։ Գործող կարգավորումներով՝ տեսական քննությունը դրական հանձնելուց հետո քաղաքացին ունի մեկ տարի ժամկետ՝ գործնական քննությունը հանձնելու համար։ Սակայն վերջին տարիներին հաշվառման-քննական ծառայությունների դիմելիության էական աճի պայմաններում այդ ժամկետը հաճախ բավարար չի լինում՝ հերթերի կառավարման, գործնական քննություններին պատշաճ նախապատրաստվելու, ինչպես նաև ավտոդպրոցներում ուսումնառությունն ամբողջությամբ ավարտելու տեսանկյունից։

«Շատ դրական ազդակ է, որ քաղաքացիները սկսել են առավել պրոֆեսիոնալ զբաղվել վարորդական ուսումնառությամբ և նոր միայն հանձնել քննությունը։ Մենք նախատեսում ենք, որ տեսական քննության դրական արդյունքը մեկ տարվա փոխարեն հնարավոր կլինի պահպանել երկու տարի, ինչը քաղաքացիներին հնարավորություն կտա և՛ ազատ հերթագրվել և՛ գործնական քննության համար ընտրել իրենց հարմար օրը»,- նշել է նախարարը։
Երրորդ փոփոխությունը, որը ևս բխում է քաղաքացիներից ստացված առաջարկներից, վերաբերում է վարելու իրավունքի տեսական քննության հարցաշարերին օրինակ՝ թեթև մարդատար ավտոմոբիլ վարելու իրավունքի քննության հարցաշարում ներառվում են նաև ավտոբուսների կամ այլ տրանսպորտային միջոցների վարմանն առնչվող հարցեր։
«Հիմա մենք հարցաշարերը դարձնում ենք շատ ավելի իդենտիկ պետք է նախատեսվեն կոնկրետ կարգին և ենթակարգին բնորոշ հարցեր, ինչը կօգնի մեզ այս կառուցակարգերը դարձնել առավել արդյունավետ» -ընդգծել է նախարարը։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից։
Արփինե Սարգսյանը շեշտել է, որ օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ են մտնելու հուլիսի 6-ից, որից հետո քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար՝ պահպանելով սահմանված բոլոր ընթացակարգերը։