ՀՀ կառավարությունը ջերմոցային ապրանքներ արտահանողներին կաջակցի նաև հուլիս ամսին

ՀՀ կառավարությունը ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցություն կտրամադրի նաև հուլիս ամսին։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«Որոշմամբ որոշակիորեն կմեղմվեն ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման հետ կապված խնդիրները, հնարավորություն կտրվի դիվերսիֆիկացնելու արտահանման շուկաները, որը կնպաստի կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։

Կառավարությունից նշում են, որ հուլիս ամսին փոխհատուցում տրամադրվող ապրանքների ցանկը լրացվել է չերրի տեսակի լոլիկով, ինչպես նաև բարձրացվել է ԵՄ անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կամ Շվեյցարիա արտահանվող ծաղիկի համար տրամադրվող փոխհատուցման չափը։

Արտահանման դինամիկայի վերլուծությունը ցույց է տվել, որ 2026 թ. հուլիս ամսվա ընթացքում միջոցառման շրջանակում արտահանման կանխատեսվող ծավալները կկազմեն շուրջ 150 տոննա ելակ, շուրջ 3900 տոննա բանջարեղեն և շուրջ 52 մլն հատ ծաղիկ։

Այսպիսով, ՀՀ տարածքից 2026 թ. հուլիս ամսվա ընթացքում արտահանված ջերմատնային արտադրության առանձին ապրանքներ արտահանող տնտեսավարողներին կտրամադրվի փոխհատուցում հետևյալ չափերով՝

ելակի յուրաքանչյուր 1 կգ համար` 770 դրամ

լոլիկի յուրաքանչյուր 1 կգ համար` 275 դրամ

չերրի տեսակի լոլիկի յուրաքանչյուր 1 կգ համար` 400 դրամ

պղպեղի յուրաքանչյուր 1 1 կգ համար` 400 դրամ

ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար 37 դրամ (իսկ ԵՄ անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կամ Շվեյցարիա արտահանվող ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար` 50 դրամ)։