«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է Սիմոն Աբգարյանը

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է անվանի ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը։ Այս մասին հայտնում են «Ոսկե ծիրան» փառատոնից։ 

Թատրոնում և կինոյում գրեթե կեսդարյա ստեղծագործական գործունեությունն Աբգարյանը սկսել է վաղ 1980-ականներին Ամերիկայում, իսկ այնուհետ շարունակել Արիան Մնուշկինի լեգենդար «Տեատր դյու Սոլեյ»-ում։ 1990-ականներից ի վեր նա մեծ հաջողությամբ փայլում է նաև կինո- և հեռուստատեսային էկրաններին թե՛ Ֆրանսիայում, թե՛ Ամերիկայում։

Աբգարյանը համագործակցել է աշխարհահռչակ ռեժիսորներ Սեդրիկ Կլապիշի, Ատոմ Էգոյանի, Ռոբեր Գեդիգյանի, Սալի Փոթերի, Ֆաթիհ Աքընի և ուրիշների հետ, մարմնավորել է Արշիլ Գորկուն, Միսաք Մանուշյանին, իսկ 2026-ին՝ գեներալ դը Գոլին՝ Անտոնան Բոդրիի համանուն ֆիլմում, որի պրեմիերան կայացել է Կաննում։ Աբգարյանը նաև բազմիցս արժանացել է ֆրանսիական թատերական հասարակության բարձրագույն գնահատանքին՝ «Մոլիեր» մրցանակին, 2001-ին ճանաչվելով «Լավագույն դերասան», իսկ 2020-ին՝ «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն ֆրանսալեզու գրող»։