Ազգը, որը կորցնում է ինքնաքննադատության կարողությունը, դադարում է հասկանալ իր իսկ իրականությունը. Իսահակ Սրբազան
Քրիստոնեական արժեքները և ազգային ինքնության աստվածաբանական հիմքերը
Ազգային ինքնությունը չի կարելի հասկանալ որպես միայն պատմական հիշողությունների, լեզվի կամ մշակութային ձևերի համադրություն։ Այն առավել խոր մակարդակում էական ու գոյաբանական փոխակերպություն է՝ ձևավորված այն հարցից, թե ինչ է մարդը հասկանում որպես «մենք» և ինչ հիմքի վրա է այդ «մենք»-ը կայուն մնում պատմության փոփոխությունների մեջ։
Սուրբ Գրքի (մարդաբանության) մեջ մարդը առաջին հերթին սահմանվում է ոչ թե ինքնաբավ մշակութային միավորով, այլ որպես Աստծու ստեղծագործություն՝ «Եվ Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով» (Ծննդոց 1․27)։ Այս պատկերայնությունը դառնում է ցանկացած համայնքային ինքնության հիմք՝ գերազանցելով ցեղային ու լեզվական սահմանումները։
Քրիստոնեական ավանդությունը, դիցուք հայ ժողովրդի պատմության մեջ, ազգային ինքնության ձևավորման համար հանդես է եկել ոչ որպես արտաքին հավելում, այլ որպես ներքին ձևավորող սկզբունք։ Այն ներմուծել է այն գաղափարը, որ ժողովուրդը չի սահմանվում միայն արյունով կամ տարածքով, այլ նաև պատասխանատվությամբ և Աստծու առաջ բարոյական ուխտով։ Իսրայելի պատմության մեջ բազմությունը ընկալում է իրեն որպես ուխտի ժողովուրդ (Ելք 19․6)։ Այս ուխտային տրամաբանությունը հետագայում դառնում է քրիստոնեական ինքնության առանցքը, ինչպես կարդում ենք «Գործք Առաքելոց»-ում՝ «Զարմ ենք Աստուծոյ»։
Քրիստոնեական հավատը և մշակութային ինքնությունը երբեք չեն նույնացվում, սակայն չեն էլ բաժանվում արհեստական պատնեշներով։ Հավատը չի կլանում ազգային առանձնահատկությունները, այլ մաքրում և խորացնում է դրանք՝ ազատելով ինքնաբացարձակացումից։ Քրիստոս զգուշացնում է. «Իմ թագավորությունը այս աշխարհից չէ» (Հովհ. 18․36), ինչը նշանակում է, որ որևէ ազգային կամ քաղաքական համակարգ չի կարող իրեն նույնացնել Աստծու արքայության հետ։
Ազգային ինքնության առողջ ձևավորումը հնարավոր է միայն այնտեղ, որտեղ կա ճշմարտության նկատմամբ հասանելիություն, ընկալունակություն և պատրաստակամություն։ Ավետարանը ներկայացնում է Քրիստոսին որպես ճշմարտություն՝ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհ. 14․6)։ Այս իրողությունը չի վերացնում ժողովուրդների բազմազանությունը, այլ ուղղորդում է առ սիրո և արդարության միասնություն։ Պողոս առաքյալը գրում է. «Այլևս չկա հրեա կամ հույն… որովհետև դուք բոլորդ մեկ եք Քրիստոս Հիսուսում» (Գաղատ. 3․28)՝ ցույց տալով, որ համընդհանուր միասնությունը չի ջնջում ինքնությունները, այլ վերափոխում է դրանց հարաբերությունը։
Հայ եկեղեցական ավանդության մեջ ազգային ինքնագիտակցությունը վաղուց ընկալվել է որպես հոգևոր կոչման ձև։ Ս. Գրիգոր Լուսավորիչի վկայությամբ հայ ժողովրդի քրիստոնեացումը ոչ միայն կրոնական, այլ նաև քաղաքակրթական վերակազմակերպում էր, որտեղ «ածուն» ընկալվում է որպես Աստծու լույսին կանչված համայնք։ Սուրբ (Էջմիածնի հիմնադրության մասին) Գրիգոր հայրապետի տեսիլքում, ինչպես նաև եկեղեցական մի շարք հայրերի շարականներում ժողովուրդը փոխակերպվում է «Նոր Իսրայելի», որը կանչված է լույսի ծառայության։
Հայ եկեղեցու հայրերից Եղիշե պատմիչը Վարդանանց պատերազմի մասին գրում է, որ պայքարը ոչ միայն քաղաքական ազատության, այլ «հավատքի և հայրենիքի անբաժանելիության» համար էր։ Նա ընդգծվում է, որ հավատքը և ազգային գոյությունը չեն հակադրվում, այլ փոխադարձաբար զորացնում են միմյանց՝ ձևավորելով զոհողության էթոս (մշակույթ, դիմագիծ, արժեհամակարգ)։
Նմանապես Մովսես Խորենացին, նկարագրելով հայոց ծագումնաբանությունը, չի սահմանափակվում միայն պատմական տարեգրությամբ, այլ ստեղծում է ինքնության պատմական-աստվածաբանական տեսլական, որտեղ ժողովուրդը գիտակցում է իրեն որպես պատմության մեջ գործող նշանակություն ունեցող ինքնություն։ Նրա մոտ պատմությունը դառնում է ոչ միայն անցյալի հիշողություն, այլ նաև ինքնության ձևավորող իմաստ։
Սուրբ Գրքում ժողովուրդների բազմազանությունը ներկայացվում է որպես աստվածային տնտեսության մաս։ Պենտեկոստեի ժամանակ «յուրաքանչյուրը լսում էր նրանց իր լեզվով» (Գործք 2․6–8)՝ ցույց տալով, որ համընդհանուր միասնությունը չի վերացնում լեզվական ու մշակութային բազմազանությունը, այլ այն դարձնում է հաղորդակցության միջոց։ Սա կարևոր աստվածաբանական սկզբունք է ազգային յուրակերպության ճիշտ ընկալման համար։ Միևնույն ժամանակ քրիստոնեական արժեքները չեն ջնջում ազգային ինքնաընկալումը, այլ այն դնում են բարոյական քննության տակ։ Քրիստոս ասում է. «Ինչ օգուտ է մարդուն, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի» (Մատթ. 16․26)։ Այս խոսքը վերաբերում է նաև հավաքական էությանը․ ազգը չի կարող պահպանվել՝ կորցնելով իր հոգևոր հիմքը։
Այս համատեքստում ազգային դիմագիծը դառնում է էթիկական և հոգևոր մտահաղացում՝ նախաձեռնություն և պատասխանատվություն պատմության առաջ։ Հայ Եկեղեցու հայրերի մոտ այս պատասխանատվությունը հաճախ արտահայտվում է նահատակության գաղափարով՝ որպես ճշմարտության վկայություն։ Սա ոչ թե մահվան փառաբանություն է, այլ հավատքի և ինքնության անքակտելիության վկայություն։
Ազգը, որը կորցնում է ինքնաքննադատության կարողությունը, դադարում է հասկանալ իր իսկ իրականությունը։ Ս. Պողոս առաքյալը հորդորում է. «Քննեցե՛ք ձեզ, թե արդյոք հավատքի մեջ եք» (Բ Կորնթ. 13․5)՝ սկզբունք, որը կիրառելի է նաև հավաքական ինքնությունների համար։
Այսպիսով, քրիստոնեական տեսլականում ազգային ինքնորոշումը դառնում է ոչ թե ինքնահաստատման փակ համակարգ, այլ բաց պատմություն՝ որն ուղղված է Աստծու արքայությանը։ Հայ եկեղեցական ավանդությունն ու Սուրբ Գիրքը համատեղ վկայում են, որ ժողովուրդը կոչված է լինել ոչ միայն պատմության կրող, այլ նաև լույսի վկա (Մատթ. 5․14)՝ ծառայելով համընդհանուր մարդկային միասնությանը՝ առանց իր նկարագիրը կորցնելու։

