Բաքվի զավթողական հայեցակարգը կարելի է դարձնել Ադրբեջանի ղեկավարության մեծագույն գլխացավանքը․ Տաթևիկ Հայրապետյան

Եվս մեկ անգամ տեղադրում եմ այն թեզերը, որոնք հանրային դաշտը պետք է օգտագործի Ադրբեջանի զավթողական ծրագրի մասին խոսելիս։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«1. Ադրբեջանը պետական մակարդակով Հայաստանի Հանրապետության դեմ մշակում է զավթողական ծրագիր, որը կրում է «Արևմտյան Ադրբեջան» շինծու անունը։ Այն հրահանգվում և ֆինանսավորվում է Ադրբեջանի նախագահի կողմից։ Այս ծրագիրը ուղիղ սպառնալիք է թե՛ Հայաստանի, թե՛ ողջ տարածաշրջանի համար։

  1. Ադրբեջանում մեծանում է սերունդ, որին դպրոցական դասագրքերում սովորեցնում են, թե իրենց հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իրենց «պատմական հողն է», որտեղից իրենց «քշել են ցեղասպան հայերը»։ Պատմական, քաղաքական ու փաստական որևէ քննության չդիմացող այս թեզը անհնար է դարձնում խաղաղության մասին որևէ իրական խոսակցություն։
  2. Այս զավթողական ծրագիրը պետք է կանխել հիմա՝ մեր ձեռքին եղած բոլոր քաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական մեթոդներով։ Մեր ձեռքին են փաստերը, իրավունքները և հնարավորությունները։ Եթե այսօր չկանխենք դա քաղաքական դաշտում, վաղը հարկադրված ենք լինելու գործել ռազմական դաշտում։
  3. Ադրբեջանի ղեկավարությունն ապացուցել է, որ երբեք չի սահմանափակվում քարոզչությամբ։ Իրենք պարզ և ուղիղ տեքստով ասում են, որ Հայաստանը զավթելը իրենց «ազգային նպատակն է»։ Ուստի չի կարող լինել թյուրըմբռնում, թե սա ասվում է զուտ ներքին լսարանի համար։
  4. Ի շարս այս հարցերի՝ Ադրբեջանը մեր դեմ մղում է նաև կազմակերպված տեղեկատվական ու հոգեբանական պատերազմ, ուստի շատ կարևոր է չկիրառել ադրբեջանական տերմինաբանությունը, չընկնել գոյություն չունեցող իրավունքների մասին խոսակցության իրենց թակարդը, այլ տալ ուղիղ քաղաքական գնահատականներ այս թեմային։ Կարևոր է նաև հստակ ցույց տալ հանրությանը, որ կան լուծումներ, որոնք ներկայիս իշխանությունը չի կիրառում՝ փոխարենը «նորմալ» դարձնելով Ադրբեջանի շատ վտանգավոր զավթողական ծրագրերը։
  5. Այս զավթողական հայեցակարգը խելացի, կամային և համառ աշխատանքի դեպքում կարելի է դարձնել Ադրբեջանի ղեկավարության մեծագույն գլխացավանքը։ Մենք բոլոր հնարավորություններն ունենք դրա համար»։