ՍԴ դատավորներ Սեդա Սաֆարյանը և Դավիթ Խաչատուրյանը կմասնակցեն ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը ՍԴ-ում ընդդիմության կողմից քննվող բողոքների ուսումնասիրության սկզբում միջնորդություն ներկայացրեց Սահմանադրական դատարան, որ 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումների դատաքննությունն անցկացվի ամբողջական կազմով, այսինքն՝ Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը ևս մասնակցեն դատաքննությանը:

Միևնույն ժամանակ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն էլ ասաց, որ իր դիրքորոշումն այլ է: ՍԴ կազմի լեգիտիմության հետ խնդիր կա:

«Ինձ համար ընդունելի չէ, որ ՍԴ-ն ամբողջ կազմով պետք է դատաքննությունն իրականացնի: ՍԴ երեք դատավորների մասնակցության անհնարինության հարցը բարձրացրել է ՍԴ դատավոր Դավիթ Խաչատուրյանը», – ասաց Վարդևանյանը:

Նա ընդգծեց ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինությունը:

Արամ Վարդևանյանն ասաց նաև, որ ՍԴ դատավոր Դավիթ Խաչատուրյանի մասնակցությունը ևս անհնարին է, քանի որ նա հանդիսանում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանի հարազատ եղբայրը:

«Իմ և Սասուն Խաչատրյանի հարազատական կապին անդրադառնալով` տրամաբանությունը մի քիչ թերի է այն առումով, որ եթե ընդունում ենք, որ Հանրապետության վարչապետի կողմից պաշտոնաթող է եղել իմ եղբայրը, ապա ստացվում է, որ ես էդ լավության տակից դուրս գալու համար, որ եղբորս հանել ա գործից, պետք է դրական, կանխակալ վերաբերմունք ունենամ այդ անձի նկատմամբ: Ես իմ մասնակցության անհնարինության հետ կապված հարց չեմ բարձրացնի»,-ասաց ՍԴ դատավոր Դավիթ Խաչատուրյանը:

ՍԴ-ն որոշում կայացրեց քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը:

Հիշեցնենք, որ Սահմանադրականը դատարանը քննում է ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումները։ Գործերը միավորել են մեկ վարույթում, և դրանք քննվելու են դատարանի նույն նիստում։ ՍԴ դիմել են «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան» դաշինքը, «Միասնության թևերը», ԴՕԿ-ը, ԲՀԿ-ն, Արման Բաբաջանյանի և Հայկ Մարությանի կուսակցությունները։ 

Զեկուցողը ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանն է, քննությունն ընթանալու է բանավոր ընթացակարգով։

Հիշեցնենք՝ ՍԴ աշխատակարգային որոշումների համաձայն, ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցում Սահմանադրական դատարանում՝ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։ Ըստ ՍԴ որոշումների, նրանց մասնակցությունը գործի քննությանն անհնարին է, քանի որ «կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ»։

Այսպիսով, հունիսի 26-ին ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը մասնակցում են Սահմանադրական դատարանի 9 դատավորներից 7-ը։