Չի կարող փողոցի անունը փոխվել միայն նրա համար, որ ուզում ես պատժել պատմական ինչ-որ կերպարի․ Վիկտոր Մնացականյան. «Հրապարակ»

Երևանի Ամիրյան փողոցն անվանակոչվել է Պապ թագավորի անունով, որոշումը կայացվել է Երևանի ավագանու հունիսի 23-ի նիստում:
«Հաղթանակ» կուսակցության առաջնորդ Վիկտոր Մնացականյանը, մեզ հետ զրույցում խոսելով մայրաքաղաքի փողոցների անվանափոխության անհրաժեշտության մասին, ասաց. «Հարցին կփորձեմ պատասխանել որպես քաղաքային պլանավորող: Փողոց անվանափոխելը չպետք է դառնա ինքնանպատակ: Տպավորություն է, որ Ամիրյան փողոցի անվանումը փոխելով ուզում են Արսեն Ամիրյանին պատժել կամ ինչ-որ սանկցիա կիրառել: Կա քաղաքային կառավարման և քաղաքային պլանավորման հետ կապված մի տերմին, որը նաև հատուկ է դեմոկրատական երկրներին, այն կոչվում է մասնակցային կառավարում: Դա այն է, երբ դու բնակչին գործընթացների մասնակիցն ես դարձնում: Չի կարող Երևանի ամենամեծ հրապարակին կից, ամենաճանաչված փողոցներից մեկի անունը փոխվել միայն այն բանի համար, որ ուզում ես պատժել պատմական ինչ-որ մի կերպարի: Այս հարցը շատ մարդաբանական հարց է: Օրինակ` ինչ-որ մեկն այս մասին խոսե՞լ է երևանցիների հետ: Կո՞ղմ են արդյոք երևանցիներն այդ որոշման հետ, թե՞ դեմ են: Ես կարծում եմ, որ նման փոփոխությունները պետք է արվեն տեղական փոքր հանրաքվեներով: Հնարավորություն մենք ունենք՝ նման բան անելու: Չի կարելի ֆեյսբուքյան լայքերի մակարդակով նման որոշումներ կայացնել: Աշխատանքի իմիտացիա են ստեղծում, սակայն իրականում վարկաբեկում են Երևանի ավագանու որոշումները»: 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: