Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Գլենդել քաղաքի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելու է հայազգի պաշտոնյա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է US Armenia հեռուստաընկերությունը՝ նշելով, որ Ռոբերտ Ուիլյամը շուրջ 24 տարի ծառայել է Գլենդելի ոստիկանության համակարգում՝ անցնելով ծառայողական տարբեր աստիճաններով։
Նա ստանձնել է քաղաքի 21-րդ ոստիկանապետի պաշտոնը։
Ուիլյամը նշել է, որ իր գլխավոր առաջնահերթությունները քաղաքի անվտանգության ապահովումն ու տարբեր համայնքների հետ սերտ համագործակցությունն են։
«Հպարտ եմ, որ դարձել եմ Գլենդելի առաջին հայազգի ոստիկանապետը։ Սակայն իմ նպատակը երբեք առաջին հայ ոստիկանապետ դառնալը չի եղել։ Իմ նպատակը եղել է դառնալ այնպիսի ոստիկանապետ, որը կարող է քաղաքն անվտանգ պահել»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ հայկական ինքնությունը մշտապես կարևոր դեր է ունեցել իր կյանքում։
«Հայկական ազգանուն չունեմ։ Հայրս ասորի և հայ է, մայրս՝ հայ։ Մեր տանը մենք միայն հայերեն ենք խոսել»,-նշել է նորանշանակ ոստիկանապետը։ Գլենդելի ոստիկանությունը Լոս Անջելեսի շրջանի խոշորագույն իրավապահ կառույցներից է։ Այն ունի ավելի քան 500 աշխատակից, որոնցից շուրջ 270-ը ոստիկաններ են, իսկ տարեկան բյուջեն գերազանցում է 150 միլիոն դոլարը։
Ռոբերտ Ուիլյամը համոզմունք է հայտնել, որ իր նշանակումը կարող է օրինակ ծառայել երիտասարդների, մասնավորապես՝ հայ երիտասարդների համար։
«Եթե երիտասարդները տեսնեն, որ այս ճանապարհը բաց է եղել ինձ համար, ապա կհասկանան, որ այն բաց է նաև իրենց համար»,-ասել է նա։
Նորանշանակ ոստիկանապետը նաև բարձր է գնահատել Հայաստանի ոստիկանության հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ այն հետագայում ավելի կընդլայնվի։
Նորանշանակ ոստիկանապետի պաշտոնավարման առաջին օրն անցել է բազմաթիվ շնորհավորանքների ու բարեմաղթանքների մթնոլորտում, սակայն առջևում սպասվում է պատասխանատու աշխատանք՝ ուղղված քաղաքի անվտանգության պահպանմանն ու ոստիկանության համակարգի զարգացմանը։

