Իսրայելը հավանաբար կտապալի Իրան-ԱՄՆ պայմանավորվածությամբ ձեռք բերված փխրուն խաղաղությունը, ու պատերազմը, ցավոք, կվերսկսվի նոր թափով. 3
Այս կանխատեսումը բխում է Իսրայելի ղեկավարության հայտարարություններից, սիոնիստական պետության գործողություններից և ոչ միայն․․․
Սկիզբը՝ այստեղ
Ոչ միայն Իսրայելը, նույնիսկ հենց ինքը Թրամփը՝ ԱՄՆ-ի հրեական լոբբիի, Իսրայելի, հանրապետականների և դեմոկրատների մի մասի, այսպես կոչված, բազեների ճնշումների, ինչպես նաև իր անհավասարակշիռ բնավորության հետևանքով կարող է տապալել Իրանի հետ ձեռք բերված փխրուն խաղաղությունը:
Չի կարող թերհավատություն չլինել մի բանակցային գործընթացի հուսալի, կայուն արդյունքների վերաբերյալ, որի ընթացքում բանակցող պետություններից մեկի ղեկավարը բանակցությունների մասնակից մյուս պետությանը սպառնում է ոչնչացմամբ ու նույնիսկ այդ պետության բանակցային պատվիրակության անդամների ոչնչացմամբ, ինչը 1961թ. Վիեննայի կոնվենցիայի կոպտագույն խախտում է:
Ինչպես արդեն գրել ենք նախորդիվ, ի պատասխան հունիսի 19-ին և 20-ին Իսրայելի կողմից Լիբանանին և «Հեզբոլլահ»-ին հասցվող հարվածների և այդ առնչությամբ Միացյալ Նահանգների կողմից ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված փոխըմռնման մասին հուշագրի 1-ին կետի խախտման, Իրանը վերստին ժամանակավորապես փակել էր Հորմուզի նեղուցը: Մինչ այդ Իրանը սպառնացել է Միացյալ Նահանգներին դադարեցնել էներգառեսուրսների հոսքը ողջ Մերձավոր Արևելքում, եթե ձեռք բերված համաձայնությունը մնա միայն թղթի վրա: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոհբերը։
«ԱՄՆ-ն ավելի լավ է հասկանում տնտեսության լեզուն և ծախսերի և օգուտների վերլուծությունը։ Եթե համաձայնագիրը մնա միայն թղթի վրա, Մերձավոր Արևելքում էներգառեսուրսների հոսքը կդադարեցվի։ Մեր բանակցողները չեն հանգստանա, քանի դեռ լիովին չեն կատարվել բոլոր պարտավորությունները, իսկ մեր ազգի իրավունքները պահպանվել»,- Life.ru-ի փոխանցմամբ, գրել է Մոհբերը սոցցանցի իր էջում։
Իմանալով Հորմուզի նեղուցի փակման մասին, Թրամփը կապվել էր իրանցի բանակցողների հետ և սպառնացել, որ ԱՄՆ-ը կոչնչացնի Իրանը, եթե վերջինս խանգարի Հորմուզի նեղուցում նավագնացությանը:
«Կփակեք այն, և դուք երկիր չեք ունենա,- զգուշացրել էր նա:- Դուք նույնիսկ չեք վերադառնա ձեր անիծյալ երկիր»:
Իրանական պատվիրակությունը, ինչպես հաղորդել է Իսլամական Հանրապետության «Tasnim» լրատվական գործակալությունը, բողոք է հայտնել ԱՄՆ-ի ներկայացուցիչներին Թրամփի սպառնալիքների պատճառով և հունիսի 20-ին լքել Շվեյցարիայի բանակցային հարթակը:
«Tasnim»-ը կիրակի օրը, РБК-ի փոխանցմամբ, գրել է, որ իրանցի բանակցողները ներկայում քննարկում են հնչեցված սպառնալիքներին պատասխանելու տարբերակները, և որ Թրամփի հայտարարությունները հակասում են ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման մասին հուշագրի առաջին կետին, որով կողմերը պարտավորվում են զերծ մնալ միմյանց հասցեին սպառնալիքներից:
Նշենք, որ հունիսի 20-ին և 21-ին Շվեյցարիայում Պակիստանի և Քաթարի միջնորդությամբ կայացած բարձր մակարդակի բանակցություններին իրանական պատվիրակությունը գլխավորում էին խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: ԱՄՆ-ը ներկայացնում էին փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները:
Թրամփի սպառնալիքների մասին, մեջբերելով ամերիկյան առաջնորդին, հայտարարել է նրանից հարցազրույց վերցրած «Fox News»-ի թղթակից Տրոյ Ինգսթը:
Թրամփն իր «Truth Social» սոցցանցում հայտարարել է նաև, որ Իրանը պետք է անհապաղ դադարեցնի Լիբանանում վստահված անձանց խմբերին աջակցությունը, «որոնք խնդիրներ են ստեղծում», հակառակ դեպքում ԱՄՆ-ը հարված կհասցնի:
«Եթե նրանք դա չանեն, մենք կրկին Իրանին շատ ուժեղ հարված կհասցնենք, ինչպես և անցյալ շաբաթ, միայն ավելի ուժե՜ղ»,- գրել է նա:
Հունիսի 21-ին բանակցային խմբին մոտ կանգնած «Tasnim»-ի աղբյուրը հայտնել էր, որ նեղուցը չի բացվի, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել հարվածները Լիբանանին և ԱՄՆ-ն Իրանի նավթի ու նավթամթերքների վաճառքի թույլտվություն չի տրվել:
Ինչպես, «Новости Mail»-ի փոխանցմամբ, հայտնել է «Al Mayadeen» հեռուստաալիքը, իրանական պատվիրակությունը պայմաններ է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու համար՝ պահանջելով նախագահ Դոնալդ Թրամփից ներողություն խնդրել իր սպառնալիքների համար, ինչպես նաև ապահովել Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերումը: Հեռուստաալիքը նշել է, որ առանց այդ պահանջների կատարման, պատվիրակությունը մտադիր չէ վերադառնալ բանակցային գործընթացին:
Մինչև Լիբանանում հակամարտության ավարտը բանակցությունները դադարեցնելու մասին Իրանի պետական հեռուստառադիոընկերության եթերում հայտարարել է իրանական բանակցային խմբի անդամ Հոսեյն Կորբանզադեն:
«Եթե Լիբանանում պատերազմը չավարտվի, բանակցությունները չեն շարունակվի», – ասել է նա:
«Fars»-ի աղբյուրը հաստատել է, որ Թրամփի սպառնալիքները «կանգնեցրել են շվեյցարական բանակցությունները»:
Ըստ որոշ տեղեկությունների, Իրանը ոչնչացնելու ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքն արձագանքն է եղել ոչ միայն Հորմուզի նեղուցի փակման, այլև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այն հայտարարություններին, թե Իրանը չի հրաժարվի ուրանի հարստացումից ու մտադիր չէ հանձնվել, և Թրամփի վերոնշյալ սպառնալիքից հետո Իրանի նախագահը նրան հեռակա կարգով առաջարկել է հետևել ուրանի հարստացման Իրանի իրավունքի մասին հայտարարություններից հետո իր այս խոսքերին:
Մեզ հայտնի չէ, թե կողմերի միջև վեճը, ի վերջո, ինչպես է հանգուցալուծվել, հայտնի է, որ իրանական պատվիրակությունը կարճատև ընդմիջումից հետո հետագայում վերադարձել է բանակցային հարթակ, բանակցությունները շարունակվել են և տևել, ընդհանուր առմամբ, շուրջ 18 ժամ: Իրանը բացել է նաև Հորմուզի նեղուցը, բայց…
Իսլամական Հանրապետության նախագահը երեկ հայտարարել է, որ Իրանը չի վստահում ԱՄՆ-ին:
«Մենք անվստահությամբ ենք վերաբերվում ԱՄՆ-ին, քանի որ բանակցությունների ընթացքում երկու անգամ հարձակման ենք ենթարկվել»,- «Аргументы и факты»-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ հանդիպման ժամանակ (նախագահի հայտարարությունը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը):
Փեզեշքիանը նշել է, որ եթե ԱՄՆ-ն հավատարիմ մնա իր պարտավորություններին և դուրս չգա պայմանավորվածության շրջանակներից, ապա Իրանը կգործի իր պարտավորություններին համապատասխան։ Իրանի նախագահը նաև հայտարարել է նաև, որ Թեհրանը միշտ եղել և մնում է պատրաստ երկխոսության ու խաղաղության: Փեզեշքիանը միաժամանակ նշել է, որ Թեհրանը մտադիր չէ գլուխ խոնարհել անօրինական և անմարդկային պահանջների առջև:
Փեզեշքիանի խոսքով՝ Իրանը կտրականապես բացառում է ԱՄՆ-ի հետ բալիստիկ հրթիռների հարցով բանակցությունների հնարավորությունը: Life.ru-ի փոխանցմամբ , Իրանի նախագահն այդ կապակցությամբ վկայակոչել է նախորդ բանակցային գործընթացների ընթացքում երկրի վրա հարձակումների կրկնակի դեպքերը:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան

