Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
Սոֆիայի սրտում՝ Պեյո Յավորով թաղամասում, ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ պաշտոնապես կկոչվի «Հայաստան ճեմուղի»։ Ինչպես տեղեկացրել է Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը, որոշումն ընդունվել է Սոֆիայի քաղաքային խորհրդի կողմից միաձայն՝ 33 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով։
«Այս միաձայն աջակցությունը բարեկամության և փոխադարձ հարգանքի կարևոր դրսևորում է, որն արտացոլում է հայ և բուլղար ժողովուրդների միջև ձևավորված դարավոր կապերն ու ամուր բարեկամությունը։
Մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում Սոֆիայի քաղաքային խորհրդին և Սրեդեց շրջանի վարչակազմին՝ նվիրվածության և հետևողական ջանքերի համար, որոնց շնորհիվ կյանքի կոչվեց այս նախաձեռնությունը՝ դառնալով հայ-բուլղարական պատմական բարեկամության մնայուն խորհրդանիշ, ինչպես նաև Բուլղարիայում հայկական ներկայության և հայ համայնքի ներդրման արժևորման արտահայտություն։
Շուտով առիթ կունենանք միասին նշելու այս կարևոր իրադարձությունը։ Պաշտոնական բացման մասին ձեզ կտեղեկացնենք լրացուցիչ»,-հայտնում են դեսպանությունից։

