Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան։
Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով այցի ծրագրերին ծանոթ երեք աղբյուրի։
Պարբերականի տեղեկություններով՝ պատվիրակության կազմում կլինի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Այցը նախատեսվում է հուլիսի 1-ին, սակայն Politico-ն նշում է, որ ծրագրերը դեռ վերջնականացված չեն։
Պարբերականը գրում է, որ այցը դիտարկվում է որպես բարձր մակարդակի աջակցության ազդակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրա ղեկավարած քաղաքական ուժի՝ հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո։
Politico-ի գնահատմամբ՝ այցը տեղի է ունենում այն փուլում, երբ Փաշինյանի կառավարությունը ձգտում է ամրապնդել Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձը Մոսկվայից դեպի Արևմուտք և խորացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ։
Պարբերականի հետ զրուցած ԵՄ պաշտոնյաներից մեկը նշել է, որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի «ինտենսիվ և հետևողական ճնշման» ներքո, իսկ նման այցը կարող է աջակցության ուժեղ ուղերձ լինել Երևանին։
«Դա ուղերձ կլինի, որ Եվրոպան Հայաստանի կողքին է»,- ասել է Politico-ի զրուցակիցներից մեկը։
Պարբերականը նշում է նաև, որ հնարավոր այցը հետևանքներ է ունեցել Բրյուսելի աշխատանքային օրակարգի վրա։ Ըստ Politico-ի՝ հուլիսի 1-ին նախատեսված Եվրահանձնաժողովի կոլեգիայի նիստը չեղարկվել է, ինչի հետևանքով մի շարք օրենսդրական նախաձեռնությունների ընդունումը հետաձգվել է կամ փոփոխության ենթարկվել։
Ըստ պարբերականի՝ այդ նախաձեռնությունների թվում են Եվրահանձնաժողովի հանրային գնումների մասին ակտը, ԵՄ մրցութային կանոնների վերանայման ծրագիրը, ինչպես նաև պաշտպանության միասնական շուկային, նորարարությանը և անասնապահությանը վերաբերող նախաձեռնություններ։
Politico-ն հիշեցնում է, որ սա կարող է լինել Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկրորդ այցը Հայաստան երկու ամսից պակաս ժամանակահատվածում։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը մայիսին Երևանում էր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, որից հետո մասնակցել էր նաև ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովին։

