«Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգ․ ինչի մասին է ստում Հայաստանի իշխանությունը
Ադրբեջանագետ՝ Անժելա Էլիբեկովա․
Քանի որ ես ու Արման Բադալյանը տարիներ շարունակ գիտական ուսումնասիրություն ենք կատարում «Արևմտյան Ադրբեջանի» ու Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման պետական (!) քաղաքականության վերաբերյալ, փորձեմ մաս-մաս հանրայնացնել, ինչի մասին է խոսքը, ինչ ռիսկեր և վտանգներ կան, և ամենակարևորը՝ ինչի մասին է ստում Հայաստանի իշխանությունը։
Սկսենք։
Մաս 1
«Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը միավորում է պատմագրությունը, քարտեզագրությունը, մշակութային քաղաքականությունը, իրավական հռետորաբանությունը և ռազմական ճնշումը մեկ քաղաքական նախագծի մեջ։
Օրինակ՝
Պատմագրական. Պաշտոնական Բաքվի պատմագիտական նարատիվում ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացվում է որպես «Իրևանի խանություն»՝ փորձելով 19-րդ դարի վարչատարածքային միավորը պրոյեկտել ժամանակակից ադրբեջանական պետականության իրավահաջորդության վրա:
Այս քաղաքականության վառ օրինակ է պետական մակարդակով հովանավորվող «Erevan Gala 500» (erevangala500.com) նախագիծը: Այս թվային հարթակը ծառայում է որպես գործիք, որտեղ Երևանի բերդը և քաղաքի պատմական միջավայրը ներկայացվում են որպես բացառապես թյուրք-ադրբեջանական մշակութային և քաղաքական կենտրոն:
Քարտեզագրական. Ադրբեջանը վերջին տարիներին ակտիվորեն արտադրում է քարտեզներ, որտեղ Հայաստանի Հանրապետության տարածքում հայկական տեղանունները փոխարինվում են ադրբեջանական անվանումներով։ Սյունիքը ներկայացվում է որպես «Արևմտյան Զանգեզուր», Երևանը՝ որպես «Իրևան»։
Բացի քարտեզներից, փոփոխվում են նաև դպրոցական դասագրքերը, որտեղ Հայաստանի տարածքը ներկայացվում է որպես ադրբեջանական պատմական գոտի։ Այս քաղաքականությունը ձևավորում է նոր սերնդի աշխարհաքաղաքական ընկալում, որտեղ Հայաստանի սահմանները դիտարկվում են որպես ժամանակավոր։
Քաղաքական. Ադրբեջանի տարածքային պահանջների վերջին մի քանի տարիներին ամենակոնկրետ դրսևորումը կապված է Սյունիքի մարզի հետ, ինչն իր հերթին կապված է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ։ Բացի այդ, Ադրբեջանի տարածքային պահանջների քաղաքական դիսկուրսում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում խորհրդային ժամանակաշրջանի այսպես կոչված «անկլավների» հարցը։
Մշակութային. «Արևմտյան Ադրբեջան» թեզի կարևոր բաղադրիչ է հայկական մշակութային ժառանգության վերագրումը ադրբեջանական պատմությանը։ Ադրբեջանը միջազգային հարթակներում և սեփական ներքին դիսկուրսում հայկական եկեղեցիներն ու հուշարձանները ներկայացնում է որպես «կովկասյան աղվանական» կամ «ադրբեջանական»։
Այս քաղաքականությունը դրսևորվում է մի քանի մակարդակով․
- հայկական հուշարձանների անվանափոխում,
- պատմական պատկանելիության վերաշարադրում,
- միջազգային կազմակերպություններին ներկայացվող զեկույցներում հայկական ինքնության չեզոքացում։
Այստեղ շատ կարևոր է նշել, որ ադրբեջանական իշխանությունը տարածքային ռևիզիան օգտագործում է ոչ միայն արտաքին քաղաքական, այլ նաև ներքին լեգիտիմության ամրապնդման նպատակով։ Այսպիսով, տարածքային պահանջները հանդես են գալիս որպես Ադրբեջանում պետական գաղափարախոսության նոր առանցք։

