Փաշինյանի հորքուրի գանձը
Բոլորին կարող է թվալ, թե պետությունների համար ամենամեծ վտանգն այն է, երբ իշխանության ղեկին դավաճան է կամ օտար պետության ազդեցության գործակալ։ Իրականում շատ ավելի կործանարար կարող է լինել, երբ պետությունը ղեկավարում է մեկը, ով անկեղծորեն հավատում է, թե ինքը մյուսներից ավելի խելոք է, հեռատես, քաղաքական հոտառությունն ավելի ուժեղ է, ապագայի տեսլականն ավելի իրական է, հաշվարկներն ավելի ճշգրիտ են… Այդպիսի մարդն ավելի վտանգավոր է, քան դավաճանը։ Դավաճանը գործում է շահադիտական նպատակներով կամ վախի ազդեցությամբ, իսկ սեփական ճշմարտության մեջ համոզված մարդը գործում է սկզբունքայնության զգացումով, որ երբեմն կարող է վերաճել պնդաճակատության, ինչը շատերը կարող են մեկնաբանել որպես համառություն կամ հետևողականություն։ Այդպիսի մարդը բազմակի ավելի վտանգավոր է, որովհետև նա կանգ չի առնելու որևէ պարագայում, կանգ չի առնելու ոչնչի առաջ։ Նման մարդկանց համար քաղաքականության մեջ չկան թշնամիներ, այլ միայն մրցակիցներ, որոնց պետք է ոչնչացնել։
Առաջին հայացքից ակնհայտ այս իրողությունները օրվա իշխանության ընդդիմության առաջնորդների համար անհասկանալի են ու անընկալելի, շատ ավելի հեշտ է վերջին տարիների ներքին և արտաքին քաղաքական զարգացումները բացատրել դավաճանությամբ։ Այս մարդիկ Փաշինյանի մեջ տեսնում են թշնամի, հակված են կարծելու, թե Փաշինյանն էլ իրենց է թշնամի համարում։ Իսկ իրականում Նիկոլի համար նրա քաղաքական ընդդիմախոսները թշնամիներ չեն, այլ մրցակիցներ, մրացկիցներ, ում անհրաժեշտ է ոչնչացնել։ Ու ոչնչացման նպատակադրումով քաղաքական պատերազմում Նիկոլը միշտ հաղթող է դուրս գալու, քանի դեռ նրա դեմ մարդիկ են, ովքեր Նիկոլին համարում են թշնամի, ովքեր Նիկոլի գործողությունների մեջ դավաճանության տրամաբանություն կամ ապացույցներ են փնտրում։ Այսպիսի ընդդիմությունը իրական սպառնալիք չէ Նիկոլի իշխանությանը, այլ հորքուրի գանձ։
Քաղաքագետ Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը

