Թրամփը պետք է զերծ մնա Իրանի հասցեին սպառնալիքներից. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է զերծ մնա Իրանի հասցեին սպառնալիքներից, Թեհրանը ճնշման ներքո բանակցություններ չի վարում և երբեք չի ենթարկվի ահաբեկման։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Միացյալ Նահանգների նախագահը պետք է զերծ մնա Իրանի հասցեին իր մշտական սպառնալիքներից, ներառյալ ուժի կիրառման սպառնալիքները, որոնք հնչել են այսօր։ Իրանը երբեք բանակցություններ չի վարում սպառնալիքների և ճնշումների ներքո և երբեք չի ենթարկվի ճնշման կամ ահաբեկման»,- ասել է նա Մերձավոր Արևելքում խաղաղության խթանման թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց բանավեճի ժամանակ։
ԱՄՆ-ը և Իսրայելը լիովին պատասխանատվություն կկրեն այն էսկալացիայի հետևանքների համար, որը կարող է տեղի ունենալ Իրանի նկատմամբ նրանց հակաիրավական գործողությունների արդյունքում, հավելել է Ամիր Սաիդ Իրավանին։
«Զինադադարի ցանկացած խախտման ի պատասխան՝ Իրանը վճռական է պաշտպանելու իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ազգային անվտանգությունը և իր ժողովրդին։ Միացյալ Նահանգները և Իսրայելը՝ որպես ագրեսորներ, կրելու են ողջ պատասխանատվությունը անօրինական գործողությունների բոլոր հետևանքների և դրան հաջորդող էսկալացիայի համար»,- ասել է նա։

