Թուրքիայի և Իսրայելի ղեկավարները միմյանց մեղադրել են ցեղասպանություն իրականացնելու մեջ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հանդես են եկել կոշտ հայտարարություններով ու փոխադարձ մեղադրանքներով, որոնց կենտրոնում եղել են Պաղեստինի և քրդերի հարցերը: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի նախագահ Էրդողանը, ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խորհրդարանական խմբակցության նիստում, Իսրայելին մեղադրել է Պաղեստինի Գազայի հատվածում «մարդկության պատմության ամենաարյունալի ցեղասպանությունն» իրականացնելու մեջ՝ նշելով, որ սպանվել է ավելի քան 73․000 անմեղ մարդ: Էրդողանը նաև դատապարտել է Իսրայելի գործողությունները Լիբանանում և Իրանում:

Ի պատասխան Էրդողանի հայտարարությունների՝ Իսրայելի վարչապետը սոցիալական ցանցերում գրառում է արել՝ Թուրքիայի նախագահին անվանելով «հակասեմական բռնապետ» (հակահրեական):

«Էրդողանը, ով ցեղասպանություն է իրականացնում քրդերի դեմ, աջակցում է «ՀԱՄԱՍ» ահաբեկչական կազմակերպությանը, ճնշում սեփական ժողովրդին և բանտարկում քաղաքական մրցակիցներին։ Նա վերջին մարդն է, ով կարող է բարոյականության դասեր տալ Իսրայելին», — հայտարարել է Նեթանյահուն:

Նեթանյահուի գրառմանն էլ արձագանքել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը՝ այն որակելով «անհիմն, սադրիչ և իրականությանը չհամապատասխանող»: Պաշտոնական Անկարան նշել է, որ Նեթանյահուն «ցեղասպանության փորձագետ է», ով ստերով փորձում է թաքցնել իր գործած ծանր հանցագործությունները, և հավելել, որ հետամուտ է լինելու վերջինիս միջազգային դատարանների առջև կանգնեցնելու հարցում: