Նիկոլի իշխանությունը փորձելու է ընտրակեղծիքների և այլ ընտրախախտումների արդյունքում Նիկոլ հայադավին վերստին բերել իշխանության. 4
Հենց այս ճանապարհն էլ ընտրեցին նիկոլենք
Սկիզբը՝ այստեղ
Կարևոր հիմնավորումներից մեկն էլ, որ Նիկոլ հայադավի իշխանությունը հունիսի 7-ից առաջ միտված էր կեղծել ընտրությունների արդյունքները (ինչն, արձանագրենք, արդեն կատարված փաստ է), ԿԸՀ նախագահի պաշտոնում Նիկոլի ընկերոջ՝ Վահագն Հովակիմյանի ընտրությունն էր սահմանադրական օրենքի բացահայտ ու կոպիտ խախտմամբ: Այսինքն՝ նրա ապօրինի ընտրությունը 2026թ. հունիսի 7-ի արդյունքների կեղծմանը նախապատրաստվելու, դրա հուսալիությունն ապահովելու նպատակն է ունցել:
Այս կարծիքի հիմքը ոչ միայն վերոնշյալ ապօրինի ընտրության բուն փաստն է, այլև չնայած առկա խախտման մասին մամուլի հրապարակմանը և նույնիսկ ԶԼՄ-ի միջոցով հանցագործության մասին երկայացված հաղորդմանը, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի, գլխավոր դատախազի և «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե» կոչվածի այն ժամանակվա նախագահ Սասուն Խաչատրյանի կողմից քաղաքական, վերջին երկուսի կողմից նաև համակարգային կոռուպցիայի վառ դրսևորմամբ փաստի առթիվ համապատասխան միջոցներ չձեռնարկելը:
2022թ. հոկտեմբերի 7-ին «Ազգային ժողով» կոչվածում տեղի է ունեցել դրա պատմության ընթացքում ոչ միայն իր խայտառակ բնույթով, այլև բացահայտ ու կոպտագույն օրինախախտմամբ աննախադեպ քվեարկություն, ինչպես նաև ԿԸՀ նախագահի ընտրության անցած ողջ պատմության ընթացքում դարձյալ իր խայտառակ և ապօրինի բնույթով աննախադեպ ընտրություն. «Ազգային ժողով» կոչվածն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրմամբ ու միայն իշխանական պատգամավորների ընդամենը 65 կողմ ձայնով, դրսևորելով հովանավորչություն (կոռուպցիայի արտահայտություններից մեկը), քաղաքական ու համակարգային կոռուպցիա, ԿԸՀ նախագահ է ընտրել պատգամավոր, խորհրդարանի իշխող` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանին:
Հովակիմյանը դրանից դեռ մի քանի օր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու դրա վարչության անդամն էր, սակայն ընտրությունից օրեր առաջ մանդատից հրաժարվելու և կուսակցությունից դուրս գալու դիմումներ էր գրել, հավանաբար հենց Նիկոլից երաշխիք ունենալով, որ անպայման ընտրվելու է ԿԸՀ նախագահ: Եվ տեսնելով, որ ընտրվելու համար անհրաժեշտ քվեները նվազագույն շեմը հաղթահարելու համար անբավարար են, Հովակիմյանը բացահայտ ու կոպտագույն օրինախախտմամբ մասնակցել է ԿԸՀ-ի նախագահի պաշտոնում սեփական անձի ընտրությանը՝ վստահ լինելով, որ Նիկոլը և իրավապահ մարմիններն աչք են փակելու կատարվածի վրա:
Քվեարկությանը Հովակիմյանի մասնակցությունը մի պահ հարցեր է առաջացրել նույնիսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու նույնանուն խմբակցության նրա գործընկերների մոտ, սակայն օրվա «հերոսը» պնդել է, որ իր մասնակցության մասով որևէ արգելք չկա:
Իրեն ուղղված լրագրողի հարցին, թե ինչո՞ւ հանդես չի եկել շահերի բախման ու քվեարկությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարությամբ, և անձամբ քվեարկել է իր իսկ ընտրությանը, Հովակիմյանը, երևի շփոթմունքից հայերենը բռնաբարելով կամ պարզապես ցույց տալով հայերենին տիրապետելու իր մակարդակը, բառացիորեն ու տառացիորեն ասել է. «ԱԺ կանոնակարգը շահերի բախում տեսնում ա, երբ որ օրենքների քննարկում է, որը որ դրանից կարող ա անձը ինքը շահեկան լինի» (տես` Արմքոմեդի 1043, 13:00 րոպեից): Այստեղ են ասել` բաբոյի՞դ արև…
Վահագն Հովակիմյանն այսպիսով ի ցույց դնելով թե՛ պատգամավորի, թե՛ ԿԸՀ նախագահի պաշտոններին անհարիր իր իրավական անգրագիտությունը կամ, ավելի հավանական է, ցինիկաբար ու լկտիաբար ստելով, պատասխանել է, որ շահերի բախումը վերաբերվում է միայն օրենքների վերաբերյալ քվեարկությանը (այսինքն` որոշումների վերաբերյալ քվեարկությանը չի վերաբերվում), ինչն ակնհայտ սխալ ու Հայաստանի օրենսդրությանը հակասող պատասխան է:
Նախ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի ու դրա 2-րդ կետի համաձայն, պատգամավորը կարող է մեկ անգամ անմիջապես քվեարկությունից առաջ «հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ»:
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի ու դրա 5-րդ կետի համաձայն, «Պատգամավորի կողմից իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը, Ազգային ժողովի որոշման, հայտարարության կամ ուղերձի նախագիծ ներկայացնելը, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցի վերաբերյալ առաջարկ ներկայացնելը, ինչպես նաև Ազգային ժողովի կամ նրա հանձնաժողովի նիստում ելույթ ունենալը, հարցեր տալը կամ քվեարկությանը մասնակցելը, որը թեեւ ինքնին օրինական է, սակայն պատգամավորը տեղյակ է կամ պարտավոր էր տեղյակ լինել, որ այն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաև`
5) պաշտոնում իր ընտրությանը կամ նշանակմանը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասում նշված պաշտոնների, ինչպես նաև որպես Ազգային ժողովի կողմից ընտրվող պաշտոնում թեկնածու` իր ելույթի»:
«Հանրային ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, հանրային (պետական) պաշտոն է նաև պատգամավորի պաշտոնը: Նույն օրենքի 33-րդ հոդվածի («Շահերի բախումը») 5-րդ մասի իմպերատիվ պահանջի համաձայն, «Պաշտոն զբաղեցնող անձը պետք է խուսափի շահերի բախման հանգեցնող գործողություններից, ձեռնպահ մնա շահերի բախման իրավիճակում գործողություն կատարելուց կամ որոշում ընդունելուց»:
Հաջորդ խախտումը. 2020թ. պատգամավոր Սուրեն Գևորգյանը «Ազգային ժողով» կոչվածում միջնորդում էր դադարեցնել Հրայր Թովմասյանի լիազորությունները ՍԴ-ում, քանի որ վերջինս, մինչ ՍԴ նախագահի պաշտոնում պաշտոնավարելը, եղել էր ՀՀԿ-ի պատասխանատու անդամ, այսինքն՝ քաղաքականացված սուբյեկտ: Այս դեպքում ևս Վահագն Հովակիմյանը քաղաքականացված սուբյեկտ էր (ընտրություններից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ), հետևաբար ստացվում է, որ ԿԸՀ նախագահի պաշտոնին առաջ է քաշվել բացահայտ ապօրինի ընթացակարգով:
Վերոնշյալ պաշտոնում Վահագն Հովակիմյանի կողմից ընտրվելը միայն էթիկայի, խախտում, վերոնշյալ օրենքների անտեսում և անձնական շահերով առաջնորդվել չէ, այլ նաև Սահմանադրական կարգի տապալում (Քրեական օրենսգրքի 420-րդ հոդված): Համաձայն նշված հոդվածի, «Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ հոդվածով կամ 5-րդ կամ 6-րդ հոդվածի 1-ին մասով կամ 7-րդ հոդվածով նախատեսված նորմի գործողությունը փաստացի դադարեցնելը`
պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»:
Տվյալ դեպքում փաստացի դադարեցվել է Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված օրինականության սկզբունքը. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»։ Հովակիմյանը, որպես պետական մարմնի պաշտոնյա, ԿՀԸ նախագահի պաշտոնում իր ընտրությանը մասնակցելու լիազորությամբ օժտված չի եղել: Նրա արարքն առերևույթ համապատասխանում է նաև Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի հատկանիշներին (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):
Հուսանք, որ ընդդիմությունը կօգտագործի վերոնշյալ փաստերը ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկելիս, ինչպես նաև հանցագործության մասին հաղորդմամբ կդիմի Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնողին:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան

