Հայաստանում մանկական օնկոլոգիական բոլոր հիվանդությունների շարքում գլխուղեղի ուռուցքները զբաղեցնում են երկրորդ տեղը
Հունիսի 8-ին ամբողջ աշխարհում նշվում է գլխուղեղի ուռուցքների մասին իրազեկման համաշխարհային օրը, որը կոչված է հիշեցնելու այն հիվանդության մասին, որն այսօր ևս շարունակում է մնալ ժամանակակից բժշկության ամենածանր մարտահրավերներից մեկը։ Այս նախաձեռնությունը ձևավորվել է 2000 թվականին՝ Գերմանական գլխուղեղի ուռուցքների դեմ պայքարի ասոցիացիայի նախաձեռնությամբ, և ներկայումս միավորում է բժիշկների, գիտնականների, պացիենտների և նրանց ընտանիքների ներկայացուցիչներին ամբողջ աշխարհում։ Օրվա հիմնական նպատակը հասարակության ուշադրությունը վաղ ախտորոշման, պացիենտների աջակցության և գիտական հետազոտությունների զարգացման անհրաժեշտության վրա կենտրոնացնելն է։
«Հերացի» վերլուծական կենտրոնից նշում են, որ թեև գլխուղեղի ուռուցքները հանդիպում են համեմատաբար ավելի հազվադեպ, քան բազմաթիվ այլ ուռուցքային հիվանդություններ, դրանց հետևանքները հաճախ առանձնապես ծանր են լինում։ GLOBOCAN միջազգային նախագծի տվյալների համաձայն՝ միայն 2022 թվականին աշխարհում արձանագրվել է գլխուղեղի և կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) այլ հատվածների առաջնային ուռուցքների 321 370 նոր դեպք (առաջնակի հիվանդացության ցուցանիշի մակարդակը՝ 3․5/ 100 հազար բնակչի հաշվով)։
Միաժամանակ մասնագետները փաստում են հիվանդացության կայուն աճ․ եթե 1990 թվականին աշխարհում գրանցվում էր շուրջ 173 հազար նոր դեպք, ապա 2021 թվականին դրանց թիվն ավելի քան կրկնապատկվել է՝ հասնելով 357 482-ի։ Հետազոտողները նման դինամիկան պայմանավորում են միաժամանակ մի քանի գործոններով՝ բնակչության թվաքանակի աճով, կյանքի տևողության բարձրացմամբ և հիվանդության համաճարակաբանական առանձնահատկությունների փոփոխություններով։
1990–2021 թվականների ընթացքում ԿՆՀ-ի ուռուցքների հիվանդելիության ստանդարտացված ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվով աճել է 8.7-ից մինչև 12 դեպք, մինչդեռ մահացության մակարդակը նույն ժամանակահատվածում մնացել է համեմատաբար կայուն՝ մոտ 3 դեպք 100 հազար բնակչի հաշվով։ Տղամարդիկ հիվանդությանը բախվում են որոշ չափով ավելի հաճախ, քան կանայք․ առաջնակի հիվանդացության միջին համաշխարհային ցուցանիշը տղամարդկանց շրջանում կազմում է 4.7/100 000, իսկ կանանց շրջանում՝ 3.8։
Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում հիվանդության դեպքերի աճը աշխատունակ տարիքի բնակչության շրջանում։ 1992–2021 թվականներին 20–64 տարեկանների խմբում հիվանդների թիվն աճել է 311 379-ով, ինչը համապատասխանում է ավելի քան 225% աճի։ Առավել արագ աճ արձանագրվել է 20–24 տարեկան երիտասարդների շրջանում։ Գիտնականների կանխատեսումների համաձայն՝ մինչև 2050 թվականը աշխատունակ տարիքի բնակչության շրջանում նոր դեպքերի թիվը կարող է աճել ևս 31.6%-ով, իսկ մահացությունը՝ 20.6%-ով։
Հիվանդության աշխարհագրական բաշխվածությունը խիստ անհավասար է։ Առավել բարձր ցուցանիշներ արձանագրվում են տնտեսապես զարգացած երկրներում։ Բարձր սոցիալ-ժողովրդագրական ինդեքս (ՍԺԻ) ունեցող տարածաշրջաններում առաջնակի հիվանդացությունը հասնում է 6.4/100 000, իսկ տարածվածությունը՝ 26.1-ի։ Ցածր ՍԺԻ ունեցող երկրներում նույն ցուցանիշները զգալիորեն ավելի ցածր են՝ համապատասխանաբար 1.4 և 2.5։ 2022 թվականին հիվանդացության ամենաբարձր մակարդակները դիտվել են Հյուսիսային Ամերիկայում և Արևմտյան Եվրոպայում՝ շուրջ 5.6/100 000։ Գլոբալ վերլուծության տվյալներով՝ նոր դեպքերի ավելի քան մեկ երրորդը բաժին է ընկնում Արևմտա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին, մինչդեռ Աֆրիկային՝ ընդամենը շուրջ 2.3%-ը։
Գլխուղեղի ուռուցքների կառուցվածքը չափազանց բազմազան է։ Խոշոր միջազգային հետազոտությունները ցույց են տալիս, որ ԿՆՀ-ի բոլոր ախտահարումների շուրջ 70.9%-ը բաժին է ընկնում հենց գլխուղեղի ուռուցքներին։ Ամենատարածվածը գլիոմաներն են, որոնք կազմում են բոլոր դեպքերի 42.8%-ը։ Դրանց հաջորդում են նեյրոէպիթելային ուռուցքները՝ 34.7%, մենինգիոմաները՝ 24.1%, աստրոցիտոմաները՝ 20.3%, և առավել ագրեսիվ գլիոբլաստոմաները՝ 17.7%։ Հիպոֆիզի ադենոմաները կազմում են դեպքերի շուրջ 12.2%-ը։ Ավելի հազվադեպ հանդիպում են մեդուլոբլաստոմաները, շվաննոմաները, օլիգոդենդրոգլիոմաները, էպենդիմալ և էմբրիոնալ ուռուցքները։
Տարիքը զգալի ազդեցություն ունի հիվանդության կառուցվածքի վրա։ Երեխաների և դեռահասների շրջանում չարորակ ուռուցքները հայտնաբերվում են 100 հազար բնակչի հաշվով 3.6 դեպքի հաճախականությամբ, իսկ բարորակները՝ 2.6։ Մանկական պրակտիկայում առավել հաճախ ախտորոշվում են աստրոցիտար ուռուցքները, մեդուլոբլաստոմաները և չտարբերակված գլիոմաները։ Մեծահասակների շրջանում ցուցանիշները զգալիորեն բարձր են․ բարորակ ձևերի տարածվածությունը հասնում է 22.4 դեպքի 100 հազար բնակչի հաշվով, իսկ չարորակ ձևերինը՝ 8.5-ի։ Մեծահասակների բոլոր չարորակ ուռուցքների գրեթե կեսը կազմում է գլիոբլաստոման, որը համարվում է գլխուղեղի քաղցկեղի առավել ագրեսիվ ձևերից մեկը։
Հայաստանում մանկական օնկոլոգիական բոլոր հիվանդությունների շարքում գլխուղեղի ուռուցքները զբաղեցնում են երկրորդ տեղը՝ լեյկոզներից հետո, և կազմում են մանկական քաղցկեղի դեպքերի շուրջ 17%-ը։ 1995–2020 թվականների ընթացքում երկրում արձանագրվել է ԿՆՀ-ի առաջնային ուռուցքների 176 դեպք երեխաների և մինչև 25 տարեկան երիտասարդների շրջանում։ Պացիենտների 55.7%-ը կազմել են տղաները։ Առավել հաճախ հանդիպող ուռուցքներն էին մեդուլոբլաստոմաները և այլ էմբրիոնալ ուռուցքները (26.7%), ցածր չարորակության գլիոմաները (16.5%) և բարձր չարորակության գլիոմաները (10.8%)։
Գլխուղեղի ուռուցքների զարգացման պատճառները մինչև այժմ ամբողջությամբ ուսումնասիրված չեն։ Ժառանգականությունը դեր է խաղում միայն դեպքերի փոքր մասում՝ մոտավորապես երեխաների 4%-ի և մեծահասակների 5–10%-ի դեպքում։ Մանկական տարիքում կարևոր նշանակություն ունեն բնածին զարգացման արատները, ինչպես նաև որոշ արտաքին գործոններ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխաների շփումը կենցաղային ինսեկտիցիդների հետ բարձրացնում է հիվանդության զարգացման ռիսկը մոտ 1.5 անգամ, իսկ հերբիցիդների ազդեցությունը՝ ավելի քան 2 անգամ։ Որոշակի նշանակություն ունեն նաև ծնողների մասնագիտական վնասակար ազդեցությունները, բենզոլի, պեստիցիդների և այլ քիմիական նյութերի ազդեցությունը։
Մեծահասակների շրջանում միակ վերջնականապես ապացուցված ռիսկի գործոնը մնում է իոնացնող ճառագայթման ազդեցությունը։ Հետաքրքրական է, որ որոշ հետազոտություններ արձանագրել են նաև հակասական օրինաչափություն․ ալերգիկ հիվանդություններ ունեցող և ջրծաղիկ տարած անձանց մոտ գլիոմաների զարգացման ռիսկը որոշ չափով ավելի ցածր է։ Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսների օգտագործման և գլխուղեղի ուռուցքների առաջացման միջև կապը դեռևս համոզիչ կերպով ապացուցված չէ։
Գլխուղեղի ուռուցքները հաճախ զարգանում են թաքնված ձևով։ Պացիենտների մոտավորապես կեսի դեպքում առաջին ախտանիշը լինում է արտահայտված գլխացավը։ 20–50% դեպքերում դիտվում են ցնցումներ, 30–40% դեպքերում՝ ճանաչողական և վարքային խանգարումներ, իսկ 10–40% դեպքերում զարգանում են օջախային նյարդաբանական ախտանիշներ՝ վերջույթների թուլություն, խոսքի, տեսողության կամ շարժումների կոորդինացիայի խանգարումներ։ Գլխուղեղի ճակատային բլթի ուռուցքները կարող են առաջացնել անձի վարքային և բնավորային արտահայտված փոփոխություններ։ Լրացուցիչ վտանգ են ներկայացնում բարդությունները․ մինչև 30% պացիենտների մոտ զարգանում են երակային թրոմբոզներ և թրոմբոէմբոլիաներ։
Ներկայումս ախտորոշումը հիմնվում է ժամանակակից պատկերային հետազոտությունների՝ մագնիսառեզոնանսային և համակարգչային տոմոգրաֆիայի վրա։ Ախտորոշման ճշգրտման նպատակով իրականացվում է բիոպսիա՝ ուռուցքի հյուսվածաբանական և մոլեկուլային վերլուծությամբ։
Ժամանակակից նեյրոօնկոլոգիան լայնորեն կիրառում է նվազագույն ինվազիվ վիրահատություններ, ճառագայթային թերապիա, թիրախային դեղամիջոցներ և իմունոթերապիա, ինչը հնարավորություն է տալիս երկարաձգել պացիենտների կյանքը և բարելավել դրա որակը։
Չնայած բժշկության ձեռքբերումներին՝ ԿՆՀ-ի չարորակ ուռուցքների դեպքում կանխատեսումը շարունակում է մնալ ուռուցքաբանության ամենածանրերից մեկը։ Համաշխարհային միջին 5-ամյա ապրելիությունը կազմում է շուրջ 12.8%։ Զարգացած երկրներում բուժման արդյունքները համեմատաբար բարձր են․ օրինակ՝ ԱՄՆ-ում հիվանդության վաղ ախտորոշման դեպքում հնգամյա ապրելիությունը հասնում է 35.1%-ի։ Հսկայական նշանակություն ունի նաև պացիենտի տարիքը․ 15–39 տարեկան երիտասարդների շրջանում ապրելիությունը գերազանցում է 70%-ը, մինչդեռ 40 տարեկանից հետո այն կտրուկ նվազում է՝ կազմելով մոտ 21%։
Առաջադեմ ախտորոշիչ տեխնոլոգիաների ինտեգրումը, սոցիալ-տնտեսական տարբեր մակարդակ ունեցող երկրների միջև բժշկական օգնության հասանելիության անհավասարության հաղթահարումը և ռիսկի գործոնների նվազեցումը կարող են դառնալ այն վճռորոշ քայլերը, որոնք կնպաստեն այս ծանր պաթոլոգիաների գլոբալ բեռի նվազեցմանը։

