ՆԳՆ-ն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն 87-67 և 84-22 թեժ գծերը

Ազգային ժողովի հերթական ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացի օրինականության, թափանցիկության և հասարակական կարգի ապահովման նպատակով ՆԳՆ ստորաբաժանումները կիրականացնեն շուրջօրյա ծառայություն։

Ընտրական գործընթացի ընթացքում ենթադրյալ իրավախախտումների, ընտրական իրավունքի, հասարակական կարգի խախտման դեպքերի, ինչպես նաև ընտրություններին առնչվող այլ տեղեկությունների վերաբերյալ ահազանգերի և հաղորդումների սպասարկումն ապահովելու նպատակով ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում հունիսի 6-ին և 7-ին կգործի 87-67 թեժ գծի հեռախոսահամարը, կապահովվի նաև օտարալեզու սպասարկում։

Միաժամանակ, ընտրողների ցուցակների, ընտրական իրավունքի և դրա իրացման ձևերի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել 84-22 հեռախոսահամարին։

Ստացված բոլոր ահազանգերն ու հաղորդումները կքննարկվեն օրենքով սահմանված կարգով, իսկ անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ։