Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայաստանյան ընտրողներին Եվրամիության անունից յուրօրինակ ընտրակաշառք առաջարկում
Գումար, որը նման է ճակատագրական ընտրություններից առաջ ընտրողների մի մասի զգոնությունը բթացնող մահացու թմրամիջոցի
Ռուսաստանը, կարծում ենք, շատ պարզ հասկացրեց, թե Հայաստանին ինչ է սպասվում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ, կարդալ՝ «Քեմալական պայմանագիր») ընտրելու և արդյունքում վարչապետի պաշտոնին Նիկոլ ունենալու դեպքում, Եվրամիությունն (ԵՄ) անմիջապես կատարեց դրա հակաքայլը՝ ռուսական քայլի ազդեցությունը գոնե մասնակիորեն չեզոքացնելու նպատակով:
Հունիսի 7-ի ընտրություններից առաջ ընտրողները, սակայն, պետք է նկատի ունենան ու չմոռանան, որ Ռուսաստանն առայժմ սոսկ մասնակիորեն է օգտագործել Նիկոլի, Նիկոլի իշխանության արևմտյան ուղեգծի և հակառուսական քաղաքականության դեմ իր «զինանոցում» ունեցած միջոցները, դրանց թվում նաև՝ ՌԴ-ում արտագնա աշխատանքով զբաղվող հայ «խոպանչիներին» տուն ճանապարհելը: Եթե, իհարկե, ինչպես 2021 թվականին, ընտրողների մի մասի սխալ ընտրության և, հատկապես, զանգվածային ընտրակեղծիքների և այլ ընտրախախտումների արդյունքում խորհրդարանում մեծամասնություն ունենա ՔՊ-ն և արդյունքում վերստին իշխանության բերի Նիկոլ հայադավին:
Այն պայթյունալի իրավիճակը, որը Հայաստանում կառաջանա գազի գնի շուրջ քառակի բարձրացման, հնարավոր է, նաև ուրանային վառելիքի գնի բարձրացման հետևանքով, ինչին անմիջապես կհաջորդի էլեկտրաէներգիայի սակագների և բոլոր ապրանքների, ծառայությունների գների, վճարների շեշտակի, թռիչքաձև բարձրացումը, ԵՄ-ն որևէ կերպ չի կարող կանխել կամ մեղմել, ինչպես և չի կարող բռնել Ռուսաստանի ձեռքը և նրան արգելել, որ հայ «խոպանչիներին» տուն ճանապարհի և դրանով վերջ տա ՌԴ-ից Հայաստան միլիարդների հասնող գումարների փոխանցմանը: Իսկ ինչ կարող էր և ինչ արեց ԵՄ-ն…
Այն բանից հետո, երբ ռուսական կողմը հայտարարեց, որ արգելում է իր երկիր հայկական ծաղիկների, ելակի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի, բալի, կեռասի և խաղողի, բանջարեղենների, «Ջերմուկ» հանքային ջրի, մի շարք ալկոհոլային խմիչքների, կենդանի ձկան և ձկնամթերքի ներկրումը, Եվրոպայի քաղաքական պոռնիկներից Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Եվրամիությունը քայլեր է ձեռնարկում Հայաստանին աջակցելու համար՝ սկզբնական 50 միլիոն եվրոյի համապարփակ տնտեսական փաթեթով։
ԵՄ-ի կողմից վերոնշյալ գումարի հատկացումը, եթե այն իսկապես տեղի ունենա, նպատակ ունի խիստ մասամբ հակակշռել Հայաստանի վրա ՌԴ հիշյալ արգելքների հետևանքով տնտեսական ազդեցությունը: Ընդգծում ենք՝ խիստ մասամբ, որովհետև Հայաստանից ՌԴ միայն ելակի արտահանումից ստացված գումարը 2025թ. կազմել է 13,25 մլն դոլար, բայց Հայաստանում ՔՊ-ի հաղթանակի և վարչապետի պաշտոնում Նիկոլի մնալու դեպքում մեր երկիրը ՌԴ-ում ելակից բացի, վերոնշյալ բոլոր ապրանքների իրացման հնարավորությունից կզրկվի, իսկ դրանց իրացումից ստացվող ընդհանուր գումարն անհամեմատ ավելին է, քան 50 մլն եվրոն: Եվրամիությունն այժմ բավարար գումարներ չունի նույնիսկ Ուկրաինային հատկացնելու համար, ինչը շատ կցանկանար Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու կամ նրան գոնե առավելագույն վնաս պատճառելու նպատակով, այնպես որ, միայն նիկոլազոմբիները կարող է ԵՄ-ից մեծ գումարներ ակնկալել ու հավատալ դրանց ստացմանը:
Սթափ հաշվարկները և պարզ տրամաբանությունը վկայում են, որ ԵՄ-ի կողմից հատկացվելիք 50 մլն եվրոն, եթե, իհարկե, իրականում այն նույնիսկ հատկացվի, ՌԴ սահմանափակումների հետևանքով հայաստանյան տուժած գյուղացիական տնտեսությունների և արտադրողների կրած ու սպասվող վնասների սոսկ չնչին մասը կփոխհատուցի, կգոլորշիանա ինչպես անձրևի կաթիլն ամռան շոգին արևից գրեթե հալված ասֆալտին: Սակայն խնդիրը միայն դա չէ…
Հարկ է նկատի ունենալ, որ ԵՄ-ն վերոնշյալ գումարը դեռ չի տվել, այլ տվել է միայն այն հատկացնելու խոստումը: Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Եվրամիությունը քայլեր է ձեռնարկում Հայաստանին աջակցելու համար: Իսկ Եվրոպան մեկ անգամ չէ, որ գցել, տխուր ու դաժան փաստի առաջ է կանգնեցրել Հայաստանին, այսինքն՝ նույնիսկ ՔՊ-ի և Նիկոլի ընտրության դեպքում կարող է նշված գումարը չտալ կամ տալ, ասենք, դրա կեսը, որն առավել անբավարար կլինի վնասի փոխհատուցման համար:
ԵՄ-ն և Ուրսուլա ֆոն դեր Լյայենը տուժած և տուժող գյուղացիական տնտեսությունների, հայաստանյան համապատասխան արտադրողների և արտահանողների մասին չէ, որ մտածում են: Նրանք մտածում են ՔՊ-ի հաղթանակն ապահովելու և Նիկոլին վերստին իշխանության բերելու մասին:
Այո, դա՛ է նրանց նպատակը, որպեսզի Նիկոլ հայադավը և իր ոհմակը (չարախումբը) շարունակեն իրենց հակառուսական քաղաքականությունը, ՀԱՊԿ-ից նաև դե յուրե դուրս գան, դուրս գան նաև ԵԱՏՄ-ից, վերջ տան Հայաստանում ռուսական ներկայությանը, այդ թվում հասնեն նրան, որ ՌԴ-ն Հայաստանից հանի իր 102-րդ ռազմաբազան և Հայաստանն անպաշտպան մնա ադրբեջանա-թուրքական տանդեմի դեմ:
Դա՛ է նրանց նպատակը, որպեսզի Նիկոլը Հայաստանում 300 000 ադրբեջանցիների բնակեցնելու ծրագիրն իրագործելու հնարավորություն ունենա, մեր թշնամուն հանձնի Տիգրանաշենը և մեր հայրենիքի այլ տարածքներ, կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մայր Աթոռի հարցերը լուծի, ԼԳԲՏ- ներին մեր գլին նստեցնի և այլն, և այլն:
Վերոնշյալի տեսանկյունից Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և ԵՄ-ն Հայաստանին իրականում ոչ թե աջակցելու, այլ վերոնշյալ հայտարարության միջոցով յուրօրինակ ընտրակաշառք առաջարկելու նպատակն ունեն, որի տրամաբանությունը հետևյալն է՝ միայն թե ընտրեք նիկոլենց, խնդիր չկա, մենք ձեզ գումար կտանք: Գումար, որը նման է ճակատագրական ընտրություններից առաջ ընտրողների մի մասի զգոնությունը բթացնող մահացու թմրամիջոցի:
Արթուր Հովհաննիսյան



