Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Ռուսաստանը պատրաստակամ է մասնակցել Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում «Ռուսաստան-Ադրբեջան» նստաշրջանի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

Գալուզինի խոսքով՝ Ռուսաստանի աջակցությամբ ներկայում իրականացվում է մանկապարտեզի կառուցման ծրագիր։

ՌԴ փոխարտգործնախարարը նաև նշել է, որ աճում է ռուս գործարարների հետաքրքրությունը տարածաշրջանում բիզնես նախագծերի իրականացման նկատմամբ։

Նրա գնահատմամբ՝ դա լավ հիմք է ստեղծում ապագայում ռուսական և ադրբեջանական ընկերությունների միջև գործարար կապերի հետագա ամրապնդման համար։

«Ռուս ձեռնարկատերերի հետաքրքրությունը տարածաշրջանում բիզնես նախագծերի իրականացման նկատմամբ աճում է, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում ռուսական և ադրբեջանական ընկերությունների համագործակցության զարգացման համար»,- ընդգծել է Գալուզինը։