Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ
Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է հաղորդագրություն՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անցած Կուրբան-բայրամ տոնի կապակցությամբ։
Այդ առիթով քննարկվել են նաև Թուրքիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանային հարցերը։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է՝ ուղղակի առևտրի մեկնարկին ուղղված քայլերի միջոցով։
Նա ընդգծել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար և միշտ կաջակցի այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։

