Չարձագանքեք +63, +212 կոդերով համարներից ՆԳՆ-ի անունից ուղարկվող հաղորդագրություններին

Կրկին անգամ հիշեցնում ենք՝ չարձագանքել +63, +212 կամ այլ միջազգային հեռախոսային կոդերով համարներից iMessage համակարգի միջոցով ՀՀ ՆԳՆ-ի կամ պետական այլ գերատեսչությունների անունից ուղարկվող հաղորդագրություններին։ Այս մասին իարզեկում են Ոստիկանությունից։

Նման հաղորդագրությունները պարունակում են պետական մարմինների պաշտոնական կայքերին նմանվող ֆիշինգային հղումներ, որոնց միջոցով հանցավորները նպատակ են հետապնդում ձեռք բերել ձեր անձնական կամ բանկային տվյալները։

Հիշե՛ք՝ ՀՀ ՆԳՆ-ին պատկանում է roadpolice.am կայքը։ Այս հասցեն որևէ կերպ կրկնօրինակող այլ կայքերը (օրինակ՝ roadpolice. icu ) կեղծ են և որևէ առնչություն չունեն ՀՀ ՆԳՆ-ի հետ։

Նման հաղորդագրություն ստանալու դեպքում՝

  • չբացեք հաղորդագրության մեջ նշված հղումները,
  • ստուգեք տեղեկատվությունը միայն պաշտոնական աղբյուրներից,
  • մի՛ տրամադրեք որևէ անձնական կամ բանկային տվյալ,
  • անմիջապես արգելափակեք ուղարկող հեռախոսահամարը և նշեք այն որպես Spam/Junk։