Այդքան դյուրին չէ Հայոց հայրապետին հրաժարական պարտադրել. Գարեգին Բ

Եկեղեցու նկատմամբ հարուցված են մեկ տասնյակից ավելի քրեական վարույթներ, ամեն կերպ ջանք է գործադրվում, որպեսզի իրենց կամքին ենթարկեցվի եկեղեցին և, որպեսզի հասնեն իրենց առաջադրած նպատակին՝ հեռացնել հայոց հայրապետին պաշտոնից։ Այս մասին լրատվամիջոցների խմբագիրների հետ հարցազրույցում ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ը։

«Եթե այդ նպատակին հասնելու համար նման գործողության դիմեն՝ ձերբակալեն Հայոց հայրապետին՝ անշուշտ մենք պիտի ենթարկվենք գործող օրենքին և, եթե անարդար է՝ գործող բոլոր միջոցները պիտի կիրառենք, որպեսզի արդարությունը հաղթող լինի։

Եթե չհաջողեցինք, բնականաբար, ինչպես մեր մյուս հոգևորականները՝ մենք նույնպես պատրաստ ենք հանձնառությամբ կրելու այդ անարդար պատիժը և որոշումը, բայց որևէ կերպ մեր դիրքորոշումը չի փոխվել, մենք շարունակելու ենք մնալ մեր սրբազան ուխտին հավատարիմ, հավատարիմ մեր ազգին ու ծառայությանը, հավատարիմ մեր եկեղեցու ինքնավարության պաշտպանությանը»։

Հարցին, որ եթե բիրտ մեթոդներով կարողանան հասնել հայրապետի հեռացմանը՝ դա կլինի թե եկեղեցու պարտություն, թե ազգի ու ժողովրդի, Վեհափառ հայրապետը պատասխանեց, որ այդքան դյուրին չէ Հայոց հարապետին հրաժարական պարտադրել։ «Եկեղեցին ունի իր կանոնական սկզբունքները և հայոց հայրապետի պաշտոնազրկումը ենթակա չէ, որևէ իշխանության, որևէ անձի և կառույցի տնօրինման։ Եթե հարցեր կան ընդդեմ հայոց հանրապետի կամ որևէ եկեղեցականի՝ այդ հարցերը քննարկվում են համապատասխան ատյաններում և կայացվում են համապատասխան որոշումներ։ Այդ սկզբունքները մենք ամենայն ձանադրությամբ պաշտպանելու ենք և չենք ենթարկվելու ճնշումների, որևէ բռնության»,-ասաց հայրապետը։