ՆԱՏՕ-ի երկրները կմեծացնեն իրենց ռազմական ներկայությունը Արկտիկայում
ՆԱՏՕ-ի արկտիկական երկրները մեծացնում են իրենց ռազմական ներկայությունը Արկտիկայում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է Կանադայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ։
«Մենք մեծացնում ենք մեր ռազմական ներկայությունը, հսկողության հնարավորությունները և համատեղ վարժանքներն Արկտիկայում և Հեռավոր Հյուսիսում։ Դա անում ենք համակարգված ձևով», – ասվում է Շվեդիայի կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ վերոնշյալ երկրներն աջակցում են ՆԱՏՕ-ի ներկայության ընդլայնմանը տարածաշրջանում և համաձայնել են խորացնել երկխոսությունն Արկտիկայում և Հեռավոր Հյուսիսում անվտանգության հարցերի շուրջ։ Նրանք հանձնարարել են իրենց փորձագետներին համակարգել իրենց ջանքերը տարածաշրջանում տնտեսական և ռեսուրսների զարգացման հարցերի շուրջ։

