ՀՀ-ում 31 բուհի 119 մասնագիտության համար ոչ մի դիմորդ այս փուլում չկա․ ԳԹԿ
Հայաստանի 31 բուհի 119 մասնագիտության համար որևէ դիմորդ չի եղել։ Այս մասին ասուլիսում հայտնել է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը` ներկայացնելով բուհերի ընդունելության 2-րդ փուլի հայտագրման գործընթացի արդյունքները։
«Կառավարության կողմից այս տարվա համար հաստատվել են 2133 անվճար և 10 587 վճարովի տեղեր։ Նախորդ տարի եղել է 2142 անվճար և 9998 վճարովի տեղ։ ԳԹԿ-ում հայտագրվել է 16 482 դիմորդ, որոնց քննությունները կազմակերպվելու են 49 միասնական քննական կենտրոնում»,- ասել է Նասիբյանը։
Մեկ տեղի հարաբերակցությամբ առավել շատ դիմորդներ ունի ԵԲՊՀ-ի «Ստոմատոլոգիա» մասնագիտությունը՝ 2.9 դիմորդ, երկրորդ տեղում նույն բուհի «Բուժական գործ» մասնագիտությունն է` 2.3 դիմորդ, երրորդը ԵՊՀ-ի «Իրավագիտություն» մասնագիտությունն է` 2.1 դիմորդ, չորրորդը՝ ՀՊՏՀ-ի «Տնտեսագիտությունը»` 2 դիմորդ։ Միևնույն ժամանակ ամենապահանջված 10 մասնագիտությունից 5-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանինն են։
Նասիբյանը նաև հայտնել է, որ 22 բուհի 53 մասնագիտություն ունեն ընդամենը 1-ական դիմորդ, իսկ 31 բուհի 119 մասնագիտության համար ոչ մի դիմորդ այս փուլում չկա։ ԳԹԿ փոխտնօրենը հույս է հայտնել, որ գուցե ընդունելության 3-րդ փուլում այդ բուհերում դիմորդներ լինեն։

