Սյունիքում ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների գտնվելը ուղիղ կապ չունի TRIPP-ի հետ. հերքում
ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների գործուղումը Սյունիքի մարզ ուղիղ կապ չունի TRIPP նախագծի հետ, սակայն վկայում է խաղաղության գործընթացի նկատմամբ ամերիկյան կողմի վստահության մասին: Արձագանքելով «Արմենպրես»-ի այն հարցին, թե արդյո՞ք Սյունիքում կամավորների տեղակայումը պայմանավորված է TRIPP նախագծի շրջանակում կատարվելիք աշխատանքներով՝ այս մասին ասաց ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը:
«Կամավորների տեղակայումը, թերևս, ուղիղ կապ չունի TRIPP նախագծի հետ, սակայն նախորդ տարվա օգոստոսի 8-ի վաշինգտոնյան պայմանավորվածություններից և շրջանակային համաձայնագրի ձևավորումից հետո նպաստավոր պայմաններ եղան, որպեսզի մենք վստահաբար կարողանանք Սյունիքի մարզում տեղակայել մեր կամավորներին»,- նշեց ամերիկացի դիվանագետը։
Պատասխանելով «Արմենպրես»-ի այն հարցին, թե կան արդյոք TRIPP նախագծին առնչվող նոր զարգացումներ, Ալենը նշեց, որ ամերիկյան կողմը և Հայաստանի կառավարությունը տեղեկացրել են, որ նախորդ շաբաթ բանակցություններ են ընթացել TRIPP-ին վերաբերող համաձայնագրերի շուրջ։
«Այս պահին դեռևս նոր հայտարարություն չկա դրա վերաբերյալ անելու, բայց այդ ուղղությամբ աշխատանքները, առաջընթացը շարունակվում են»,- ասաց Ալենը։

