Մեկ շաբաթում հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ
Մայիսի 11-18-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4544 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 215 ավտոմեքենա։
ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 167 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 131 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 652, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 43, վարելու ընթացքում ծխելու՝ 513, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 237, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 73 և 1622 այլ իրավախախտում։ 92 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 120-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 42-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 38-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 91 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16141 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 274 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 243 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 410 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 63, չամրակապված վարելու՝ 3832, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 269, վարելու ընթացքում ծխելու՝ 635, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 701, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 127, արագության գերազանցման՝ 2794 և 5115 այլ իրավախախտում։ 301 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 869-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 388-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 169-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 12 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 23 անձ։
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանը վարորդական իրավունքներից զրկված քաղաքացիներին խոստումներ էր տվել. «Մենք առաջարկում ենք, որ նախ՝ զրկվելուց հետո մեկ տարի ոչ մի տարբերակ չլինի վերականգնելու համար։ Նրանք, ում մոտ այդ մեկ տարին արդեն լրացել է, հնարավորություն կունենան վերականգնելու առանց քննության։ Վերականգնված վարորդին կտրվի ոչ թե 13 բալ, այլ 6 բալ։ Եթե մեկ տարվա ընթացքում վարորդը նորից իրավունքից չի զրկվում, արդեն վերադառնում է սովորական՝ լիարժեք ռեժիմին, այսինքն՝ 13 բալին։
Եթե այդ 13 բալերն ինչ-որ պատճառներով զրոյանան, դրանից հետո այլ տարբերակ չկա, քան քննություն հանձնելը», -ասել էր նա։

