Թրամփն ազգային անվտանգության թիմի հետ հանդիպումից հետո նախազգուշացում է արել է Իրանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 16-ին խորհրդակցություն է անցկացրել իր ազգային անվտանգության թիմի բարձրաստիճան անդամների հետ՝ քննարկելու Իրանի նկատմամբ Վաշինգտոնի հետագա հնարավոր գործողությունները։ Այս մասին ամերիկյան CNN հեռուստաընկերությանը հայտնել է հանդիպման մասին տեղյակ աղբյուրը։
Հեռուստաընկերության տվյալներով՝ խորհրդակցությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ի ղեկավարի գոլֆի ակումբում՝ Վիրջինիայի նահանգում։ Հանդիպմանն ի թիվս այլոց ներկա են եղել փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Հանդիպումը տեղի է ունեցել Թրամփի՝ Չինաստան կատարած այցից վերադառնալուց ընդամենը մի քանի ժամ անց։
Մայիսի 17-ին ԱՄՆ նախագահը գրառում էր կատարել սոցցանցում՝ նշելով․ «Իրանի համար ժամանակը գնում է։ Լավ կլինի, որ նրանք արագ գործի անցնեն, այլապես նրանցից ոչինչ չի մնա։
CNN-ը հայտնում է, որ Սպիտակ տան ղեկավարը շաբաթվա ընթացքում կրկին կհանդիպի ազգային անվտանգության խմբի ներկայացուցիչների հետ։
Հեռուստաընկերությունը նշում է, որ Պենտագոնը պատրաստել է մի քանի պլան Իրանին հարվածներ հասցնելու վերաբերյալ՝ այն պարագայում, եթե Թրամփը որոշում ընդունի վերսկսել ռազմական գործողություններն Իսլամական Հանրապետության դեմ։ CNN-ի տվյալներով՝ թիրախների ցանկում ներառված են Իրանի էներգետիկ օբյեկտներն ու ենթակառուցվածքները:

