Փորձում եք մարդկանց մոլորեցնել ու քաղաքական միավորներ հավաքել մարդկային ողբերգության հաշվին․ Միհրան Մախսուդյանը Փաշինյանին

Գնդապետ Միհրան Մախսուդյանն արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից մեկին՝ նշել է

«Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզում կրկին հիշատակեց իմ անունը՝ Ազատ գյուղի ողբերգական դեպքի հետ կապված։ Լսիր ինչ եմ ասում՝ դեպքից անցել է արդեն երեք տարի, և այս ամբողջ ընթացքում ես անգամ մեկ անգամ չեմ հարցաքննվել։ Ավելին՝ երբ հոսպիտալում պառկած էի, հենց դուք ինձ ազատեցիք ծառայությունից։

Այսօր փորձում եք մարդկանց մոլորեցնել ու քաղաքական միավորներ հավաքել մարդկային ողբերգության հաշվին։ Սիրելի ժողովուրդ, այս հայտարարությունները որևէ աղերս չունեն իրականության հետ։

Եվ մեկ բան էլ հստակ ասեմ՝ ես ձեր շրջապատի մարդկանց նման դաշտից դաշտ թռչող չեմ։ Ես սատարել եմ և շարունակելու եմ սատարել Ռոբերտ Քոչարյանին, որովհետև վստահ եմ՝ նա այն մարդն է, ով կարող է վերականգնել այն, ինչ այս իշխանությունը տարիներով քանդել է»։ 

Հիշեցնենք, որ Էջմիածնում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին դիմեց Ազատ գյուղի սակրավորների ստորաբաժանման հրդեհի զոհերից մեկի մայրը

«․․․Քեզնից բան չեմ ուզում, կարա՞ս՝ իմ երեխուն բեր, ես 18 տարի երեխա եմ պահել, գրկել եմ, մեծացրել, իր հետ քայլել, ու հիմա իմ երեխեն չկա, ես էն 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեի մեջ վառեցիք։ Դուք վառեցիք 15 երեխուն՝ ձեր կեղտերը ծածկելու համար, բերեցիք մոխրացած երեխուս տվեցիք ինձ»։

Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե ազատել է զորամասի պատասխանատուներին, այդ թվում հրամանատարի տեղակալ Մախսուդյանին, որը ընդդիմադիր է։ Ապա գոռալով սգավոր մոր վրա՝ հարցրեց, թե ինչու չի գնում ընդդիմադիրներին իր հարցը  տա։