Ինչ ազդեցություն կարող է թողել ալկոհոլը առողջության վրա
Էթանոլը (ալկոհոլը) հոգեակտիվ նյութ է, որն ունի տոքսիկ և կախվածություն առաջացնող հատկություններ: ՀՀ առողջապահության նախարարությունից նշում են՝ դրա պարբերաբար օգտագործումը կտրուկ մեծացնում է առողջական և սոցիալական բազմաբնույթ ռիսկերը:
Ալկոհոլը կենտրոնական նյարդային համակարգն ընկճող նյութ է, որն ազդում է նյարդային ազդակների փոխանցման վրա՝ առաջացնելով հետևյալ խանգարումները.
- Դանդաղում է ռեակցիան, թուլանում է կենտրոնացումը և ինքնակառավարումը
- Խաթարվում է կոորդինացիան, խոսքի հստակությունը և տարածական կողմնորոշումը
- Նեղանում է տեսադաշտը և նվազում է տեսողական ինֆորմացիայի մշակման արդյունավետությունը:
Ալկոհոլային խմիչքները թեև ունեն բարձր էներգետիկ արժեք, սակայն զուրկ են էական սննդարար նյութերից (վիտամիններ, հանքանյութեր, ամինաթթուներ):
Սա որակվում է որպես «դատարկ կալորիաների» աղբյուր, ինչը նպաստում է նյութափոխանակության խանգարումներին, մասնավորապես` ճարպակալմանը:
Ալկոհոլի չարաշահումը և պարբերաբար օգտագործումը (ալկոհոլային կախվածությունը) մի շարք պաթոլոգիաների հիմնական պատճառ են.
- Լյարդի ճարպային ախտահարում, ալկոհոլային հեպատիտ և լյարդի ցիռոզ
- Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի լորձաթաղանթի էրոզիվ-խոցային ախտահարումներ
- Զարկերակային հիպերտենզիա, կարդիոմիոպաթիա և ռիթմի խանգարումներ
- Տագնապային խանգարումներ, դեպրեսիա և սոցիալական մեկուսացում:
Ալկոհոլի օգտագործումը հղիության ընթացքում խստիվ հակացուցված է. այն թափանցում է ընկերքով՝ առաջացնելով պտղի ալկոհոլային սպեկտրի խանգարումներ (FASD), վիժման ռիսկ և պտղի զարգացման արատներ:
Ելնելով օրգանիզմի ձևավորման փուլից և նյարդային համակարգի խոցելիությունից՝ ալկոհոլի օգտագործումը երեխաների և դեռահասների կողմից անթույլատրելի է:
Կախվածության խնդիրների դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագիտացված բժշկական օգնության:

