1.5 մլն եվրո արժողությամբ նոր PR միջոցառում Փաշինյանի համար․ 168․am

168․am 

Փաշինյանի իշխանությունը կրկին բացահայտում է իր իրական դեմքն ու առաջնահերթությունները. այն ժամանակ, երբ երկիրը ծանրաբեռնված է գյուղատնտեսական խնդիրներով, կառավարությունն «Անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության» համար նախատեսված միջոցները վերցնում է ու ուղղում իշխանության հերթական PR միջոցառմանը։

Կառավարության մայիսի 7-ի նիստով որոշվեց 684 մլն դրամ հատկացնել «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը Հայաստանում անցկացնելու համար՝ ինչպես արդեն նշեցինք՝ նույն չափով կրճատելով անասնաբուծության ներդրումային ծրագրերի աջակցությունից։ Ընդ որում, հենց այս ծրագրից միջոցների վերաբաշխում անելու նախաձեռնությունը պատկանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։

Կառավարության նիստին ներկայացրած տվյալներով՝ միջոցառումը Հայաստանում անցկացվելու է 2026թ. մայիսի 19-23-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Ակնկալվում է շուրջ 400 հյուրի այց 65 երկրից, որոնց թվում՝ լրագրողներ, բլոգերներ, սոմելյեներ ու փորձագետներ։ Համտես-մրցույթին ներկայացվելու են 60-ից ավելի երկրների ավելի քան 8000 գինիներ։ 120 մեծածախ գնորդների և 50 տեղական արտադրողների համար կազմակերպվելու է B2B (բիզնեսը՝ բիզնեսի հետ) հանդիպում։

«Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026»-ը, անկասկած, գինու հեղինակավոր միջազգային մրցույթներից մեկն է, որը տարիներ շարունակ անցկացվել է տարբեր երկրներում՝ Բելգիայից մինչև Խորվաթիա, Մեքսիկա և Չինաստան։ Խնդիրը միջոցառման վարկանիշը չէ, այլ դրա անվան տակ պետական միջոցների անհասկանալի ու կասկածելի մսխումը։

Այստեղ ամենակարևոր հարցը կայանում է հետևյալում՝ ինչո՞ւ է նույն միջոցառումը Հայաստանում հարկատուների համար արժենալու ավելի քան 1.5 միլիոն եվրո (684 մլն դրամ), այն դեպքում, երբ այլ երկրներում դրա պետական կազմակերպչական հիմնական ծախսերը սովորաբար կազմել են եռակի պակաս` մոտավորապես 400-500 հազար եվրո, և երբեք չեն գերազանցել 600 հազար եվրոն։

Ավելին՝ եթե այլ երկրներում այդ ծախսերը նախատեսված են եղել մոտ 300 հոգանոց ժյուրիի համար (տրանսպորտային, հյուրանոցային, սննդի և հանգստի ծախսերի համար, որոնք կազմում են ընդհանուր ծախսերի զգալի մասը), ապա Հայաստանի դեպքում, ըստ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, ժյուրիի և հիմնական մասնակիցների թիվը շուրջ 200 է։

Այսինքն՝ մասնակիցներն ավելի քիչ են, բայց գումարը՝ մի քանի անգամ ավելի մեծ։ Հարց է առաջանում, թե ո՞ւր է գնալու այդ տարբերությունը։

Որոշման մեջ որևէ մանրամասն բացատրություն չկա, թե կոնկրետ ինչի վրա են ծախսվելու հարյուրավոր միլիոնները։ Որքա՞ն է կազմելու մրցույթի անցկացման վճարը։ Որքա՞ն են հյուրանոցային, տրանսպորտային, PR, գովազդային կամ տեղեկատվական արշավների ծախսերը։ Հանրությունը կրկին կանգնած է իշխանության համար արդեն սովորական դարձած «վստահեք մեզ» սկզբունքի առաջ, այն դեպքում, երբ խոսքը հսկայական պետական միջոցների մասին է։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք հերթական անգամ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ միջազգային շոու կազմակերպելու համար պետությունը պատրաստ է երեք անգամ ավել վճարել՝ առանց հանրությանը ներկայացնելու ծախսերի հստակ կառուցվածքը։

Առանձին հարց է նաև անցկացման վայրի ընտրությունը։ Միջազգային պրակտիկայում նման համտես-մրցույթների համար ընտրվում են բնական լուսավորությամբ սրահներ, քանի որ գինու գույնի և երանգների գնահատումը մասնագիտական գործընթացի կարևոր բաղադրիչ է։ Սակայն Հայաստանում ընտրվել է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը՝ թանկարժեք, ցուցադրական, բայց մասնագիտական տեսանկյունից ակնհայտորեն անհարմար տարածք։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իշխանության համար առաջնայինը ոչ թե միջոցառման որակյալ կազմակերպումն է, այլ «մասշտաբներ» ցույց տալը։ Չի բացառվում, որ միջազգային նմանօրինակ միջոցառումների անվան տակ պետական միջոցների մի մասը պարզապես «դուրս է գրվում» նախընտրական նպատակներով օգտագործելու համար։ Կասկածից վեր է, որ, եթե նույնիսկ գործող իշխանությունը չօգտվի այս «հնարավորությունից», միևնույն է, այս պատմության մեջ կա հստակ նախընտրական հաշվարկ. միջազգային հյուրեր, բարձր մակարդակի միջոցառումներ, լրատվական աղմուկ, գեղեցիկ տեսարաններով սելֆիներ… Այս բոլորը, բնականաբար, կօգտագործվեն որպես նախընտրական քարոզչություն՝ հատկապես հաշվի առնելով միջոցառման անցկացման ամսաթվերը։

Իշխանությունը, անկասկած, փորձելու է հասարակությանը համոզել, թե խոսքը Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման մասին է։ Սակայն պետության հեղինակությունը չի կառուցվում թանկարժեք շոուներով ու ցուցադրական միջոցառումներով։ Այն կառուցվում է թափանցիկ կառավարմամբ, հաշվետու ու պատասխանատու իշխանությամբ և պետական միջոցների արդարացված ծախսմամբ։ Երբ գյուղատնտեսական ծրագրերից գումար են կտրում, որպեսզի իշխանությունը միջազգային PR միջոցառում իրականացնի, հասարակությունն իրավունք ունի ոչ միայն հարցեր տալու, այլ նաև կասկածելու, որ իրական նպատակը ոչ թե Հայաստանի շահն է, այլ իշխանության քաղաքական վերարտադրությունը։

Քանի դեռ կառավարությունը չի ներկայացրել յուրաքանչյուր դրամի ծախսման հստակ և մանրամասն հաշվետվություն, քանի դեռ չի բացատրել, թե ինչպես է ստացվել, որ Հայաստանի դեպքում այդ միջոցառման կազմակերպումը սովորականից երեք անգամ թանկ է, այս պատմությունը շարունակելու է ընկալվել ոչ թե որպես ազգային հաջողության նախագիծ ու հայ գինեգործների համար միջազգային շուկա դուրս գալու հնարավորություն, այլ որպես հարկատուների հաշվին վճարված՝ իշխանության հերթական թանկարժեք քարոզչական արշավ։