Իշխանության փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է նաև Նիկոլ Փաշինյանի համար. Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է.
«25 տոկոս վարկանիշով չեն կարող իշխանություն պահել Հայաստանում. ասում է Սամվել Կարապետյանն իր ասուլիսի ընթացքում:
Այն, որ գործող իշխանության վարկանիշն այդքան է, կարծես թե որևէ ողջախոհ մարդ չի դնում կասկածի տակ:
Այդ իմաստով, անկասկած է, որ Կարապետյանը արձանագրում է իրողությունը, այլ ոչ թե անում զուտ ընտրական քարոզչությունից բխող հայտարարություն: Այստեղ շատ կարևոր է դիտարկել սակայն արձանագրված իրողության այսպես ասած տողատակը, քաղաքական էությունը:
Թե ինչ է դիտարկում այդ մասով Կարապետյանը, ինձ հայտնի չէ, բայց ըստ իս այս արձանագրման ներքո պետք է ուշադրության արժանացնել ոչ թե 25 տոկոսով իշխանություն պահել-չպահելու հնարավորությունը, այլ՝ պահելու դեպքում այդ իշխանության այսպես ասած կենսունակությունն ու կարողունակությունը:
Ես սա եմ առաջին հերթին դիտարկում և ուշադրության տեսանկյունից մատնանշում Կարապետյանի հայտարարության ներքո:
«25 տոկոսով չես կարող իշխանություն պահել» արտահայտության իմաստն ըստ իս՝ այն է, որ 25 տոկոսի՝ այլ կերպ ասած՝ ընդամենը հանրության քառորդի վստահությունն ու քվեն ունեցող իշխանությունը, եթե անգամ ընտրական վիճակագրության և մաթեմատիկական խաղի միջոցով գրանցի 51 կամ անգամ 60 տոկոս, չի կարող լինել իշխանության կրող:
Որովհետև իշխանությունը հանրային տրամադրությունն է՝ իրավական ու սահմանադրական կարգից զատ: Եվ այստեղ է, որ սահմանադրական կարգի տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը վաղուց է կորցրել իշխանությունը: Եվ հիմա ընտրական պրոցեսի միջոցով նրա վերարտադրությունը՝ իրականում 25 տոկոսի աջակցություն ունենալով, նշանակելու է նաև իշխանության կորուստ հանրային տրամադրության և լեգիտիմության իմաստով:
Այստեղ է Փաշինյանի գլխավոր մարտահրավերը հունիսի 7-ին, և այստեղ է ցայտնոտը, կամ եթե կուզեք՝ փակուղին: Նա, իհարկե, այսօր էլ, և արդեն տևական ժամանակ ընդամենը այսպես ասած 25 տոկոսի վրա է: Բայց ներկայումս միևնույն է` արձանագրումը 2021 թվականի հունիսի 21-ի արդյունքն է: Եվ այստեղ զուտ արդյունքը չէ մաթեմատիկայի իմաստով, այլ այդ ժամանակ Փաշինյանն իսկապես ուներ շատ ավելի բարձր հանրային աջակցություն:
Հետո այն կորցրել է, իսկ հունիսի 7-ը կլինի արդեն այդ կորստի արձանագրումը, եթե անգամ նա ֆորմալ պահի իշխանությունը: Ու այստեղ է Հայաստանի համար կոլապսը՝ նրա իշխանություն մնալու դեպքում:
Որովհետև նա ֆորմալ առումով լինելու է, այսպես ասած, ընտրված իշխանություն, բայց գործնականում չի ունենալու իշխանության համար կարևորագույն պատվարն ու փաստարկը՝ հանրային պասիվ ու ակտիվ շոշափելի աջակցություն: Մինչդեռ, նրա հանդեպ արտաքին պահանջները այսպես ասած բխելու են արդեն ֆորմալ ցուցանիշներից: Իսկ այդ պահանջները մեղմ ասած բավականին հավակնոտ են բոլոր կողմերից:
Ահա թե ինչու եմ պարբերաբար նշում՝ Հայաստանի համար իշխանության փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է, ու թող չհնչի պարադոքսալ՝ բայց դա նույնքան անհրաժեշտություն է նաև հենց Նիկոլ Փաշինյանի համար»:

