Ինչի մասին է երեկվա հեռախոսազրույցում Իրանի առնչությամբ նախազգուշացրել Պուտինը Թրամփին

Իրանում հայտարարել են պատերազմի «նոր փուլի» մասին

 

Ոչ միայն ամերիկյան բաց աղբյուրներից, այլև ՌԴ հետախուզական ծառայությունների զեկույցներից տեղյակ լինելով, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրանի դեմ պատերազմի վերսկսման միանգամայն իրական վտանգ կա, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ զանգահարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին:

Շուրջ մեկուկես ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իրանի, Ուկրաինայի հետ կապված հարցերը և այլ խնդիրներ, բայց տողերիս հեղինակը գրեթե վստահ է, որ զրույցի հիմնական մասը հատկացվել է հենց Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիային, Իրանի միջուկային խնդրին և իրանյան ռազմաքաղաքական ճգնաժամին: Աշխարհում այժմ թերևս հենց դրանք են ամենաթեժ հարցերը:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Life.ru-ի տեղեկացմամբ , նշել է, որ Պուտինն Իրանի համատեքստում ճիշտ է համարում հրադադարը երկարաձգելու Թրամփի վերջերս կայացված որոշումը: Պուտինը Թրամփի հետ զրույցում անընդունելի և վտանգավոր է համարել Իրանում ցամաքային գործողության տարբերակը՝ նախազգուշացնելով ամբողջ միջազգային հանրության համար ծայրահեղ վնասակար հետևանքների մասին:

Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ եթե ԱՄՆ-ը և Իսրայելը կրկին ուժ կիրառեն, հատկապես ցամաքային ներխուժման տեսքով, այն շատ լուրջ խնդիրների կհանգեցնի բոլորի՝ և՛ Իրանի, և՛ իր հարևանների, և՛ ամբողջ աշխարհի համար: Թերևս ավելորդ է նշել, որ Իրանի հարևաններից մեկը մենք ենք…

Ուշակովի խոսքով՝ Պուտինն ուշադրություն է հրավիրել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի նկատմամբ ուժային գործողությունների վերսկսման դեպքում անխուսափելի և խիստ վնասակար հետևանքների վրա:

«Եվ, իհարկե, միանգամայն անընդունելի և վտանգավոր է դիտվում Իրանի տարածքում ցամաքային գործողության տարբերակը»,- РБК-ի փոխանցմամբ , ասել է պետության ղեկավարի օգնականը և հայտարարել, որ Մոսկվան տրամադրված է աջակցել ճգնաժամի հանգուցալուծմանը դիվանագիտական ճանապարհով:

ՌԴ-ն Իրանի միջուկային ծրագրի շուրջ լուծումների տարբերակներ է առաջարկել:

«Ռուսաստանը հաստատակամորեն տրամադրված է աջակցել (իրանական.- խմբ.) ճգնաժամի խաղաղ հանգուցալուծման որոնմանն ուղղված դիվանագիտական ջանքերին և առաջարկել է մի շարք նկատառումներ՝ ուղղված Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորմանը»,- «РИА Новости»-ի տեղեկացմամբ , ամփոփելով ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների հեռախոսազրույցը, ասել է Ուշակովը լրագրողներին:

Հիմա տեսնենք, թե Թրամփն ինչպես է վերաբերվել Պուտինի ներկայացրած նկատառումներին: ԱՄՆ-ի նախագահը, Life.ru-ի տեղեկացմամբ , Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Սպիտակ տանը լրագրողներին պատմել է, որ Ռուսաստանի նախագահն օգնություն է առաջարկել իրանական հարստացված ուրանի խնդրի լուծման հարցում:

«Նա ինձ ասաց, որ կցանկանար մասնակցել հարստացման վերաբերյալ հարցի լուծմանը,- հայտարարել է Թրամփը:- Եթե նա կարող է օգնել մեզ ստանալ այն: «…» Ես կնախընտրեի շատ ավելին նրա մասնակցությունն Ուկրաինայում պատերազմի ավարտի հարցի լուծմանը։ Ինձ համար դա ավելի կարևոր կլիներ»:

ԱՄՆ-ի նախագահն իր այս հայտարարությամբ դիվանագիտորեն մերժել է Պուտինի առաջարկը, բայց այստեղ հարկ է ընդգծել, որ Թրամփը ՌԴ նախագահի առաջարկը, ամենայն հավանականությամբ, նենգափոխված է ներկայացրել՝ իբր թե Պուտինն ասել է, որ կարող է ԱՄՆ-ին օգնել ստանալ Իրանի հարստացված ուրանի պաշարները: Այս կարծիքին ենք, քանի որ արձագանքելով Իրանից հարստացված ուրանի պաշարները (տարբեր գնահատականներով՝ 400-450 տոննա) դուրս հանելու Թրամփի և Վաշինգտոնի պահանջին, թե՛ Պուտինը, Կրեմլը, թե՛ Մոսկվան մինչ այդ քանիցս հրապարակայնորեն արտահայտել են ՌԴ պատրաստակամությունն այդ պաշարները Ռուսաստանում ընդունելու վերաբերյալ, մինչդեռ Թրամփը, Վաշինգտոնը դրան համաձայն չեն ու Թեհրանից համառորեն պահանջում են նշված պաշարները հանձնել ԱՄՆ-ին:

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Իրանի վրա ԱՄՆ-ի ճնշումը մտել է «նոր փուլ», և կոչ է արել ազգի համախմբվածության՝ որպես աճող արտաքին սպառնալիքների գլխավոր պատասխան:

Ղալիբաֆը, ինչպես, «Новости Mail»-ի փոխանցմամբ , գրել է իրանական «Shafaq News» պարբերականը, հիշեցրել է Իրանին ապակայունացնելու բազմաթիվ անհաջող փորձերի մասին, ներառյալ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի պլանները՝ ոչնչացնել երկրի բարձրագույն ղեկավարությանը և «վենեսուելացնել» Իրանը, վերացնել հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրության նրա կարողությունները և ակտիվացնել անջատողական խմբավորումներն արևմտյան շրջաններում: Այժմ, ըստ Ղալիբաֆի, հակառակորդները փոխում են մարտավարությունը:

Այժմ թշնամին մտել է նոր փուլ և ձգտում է ակտիվացնել ծովային շրջափակումը, տեղեկատվական պատերազմը, տնտեսական ճնշումները և ներքին պառակտումը՝ երկիրը ներսից թուլացնելու կամ նույնիսկ քանդելու համար:

Ղալիբաֆն ընդգծել է, որ Իրանն ունի «թշնամու նոր դավադրությանը դիմակայելու միակ հնարավորությունը՝ պահպանել ազգի միասնությունը»:

Իրանը պնդում է, որ իր նավահանգիստների շրջափակումն արգելակում է դիվանագիտական առաջընթացը, իսկ դրա վերացումը անհրաժեշտ պայման է ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար: Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից շրջափակման, Իրանը «շուտով գործնական և աննախադեպ միջոցներ կձեռնարկի»՝ հավելելով, որ Թեհրանը մինչ այժմ զուսպ է եղել «դիվանագիտությանը շանս տալու համար»:

 

Արթուր Հովհաննիսյան