Օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի կանխամտածված ոչնչացումը պատերազմական հանցագործություն է

Monument Watch-ը ահազանգում է

«2026 թվականի ապրիլի 21-ին պարզ դարձավ, որ հիմնահատակ ոչնչացվել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը, որն Արցախի հոգևոր և ճարտարապետական կարևորագույն խորհրդանիշներից մեկն էր և  գտնվում էր  Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնական, բարձրադիր՝ Նելսոն Ստեփանյան փողոցի վերնամասում (նկ. 1): Եկեղեցու արտաքին տեսքը և հատակագիծը Զվարթնոցի և Հռիփսիմեի տաճարների համադրությունն էր (նկ 1, 2)։

Ընդգծենք, որ տաճարի վնասման և վանդալիզմի դեպքերն «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» թիմի կողմից արձանագրվել էին դեռևս սույն թվականի ապրիլի սկզբին, երբ արձանագրել էր, որ ջարդված են տաճարի պատուհաններից երկուսը (https://monumentwatch.org/hy/alerts/արցախում-շարունակվում-է-մշակութային/

Տաճարի հիմնահատակ ոչնչացման փաստը հաստատվել էր նաև մեր գործընկեր՝ «Կովկասի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի կողմից իրականացված արբանյակային լուսանկարների միջոցով (նկ 3, 4)։

Ավելի ուշ Սիմոն Մաղաքյան-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված՝ Planet Labs ընկերության տրամադրած արբանյակային լուսանկարները կրկին վկայում են Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի և Սուրբ Հակոբ եկեղեցու ամբողջական ավերման մասին (https://www.facebook.com/share/p/18NHC2Uzzp/)։

Եկեղեցու ճարտարապետը Գագիկ Երանոսյանն էր, որին հաջողվել էր տաճարի հատակագծային և ծավալատարածական հորինվածքի միջոցով դասական շինարարական արվեստը համադրել կառուցման ժամանակակից տեխնոլոգիաների հետ (մանրամասն տե՛ս Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը

Նշենք, որ Ստեփանակերտ քաղաքի գլխավոր տաճարի հիմնակերքը կատարվել է 2006 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ: Մայր տաճարը պաշտոնապես օծվել է 2019 թվականի ապրիլի 7-ին (https://www.youtube.com/watch?v=_AK9_2NVbmM

Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի ոչնչացումը հերթական անգամ ներկայացումն  է այն հայատյաց հետևողական քաղաքականության, որ իրականացնում է Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության և ընդհանրապես տարածաշրջանում հայկական հետքի վերացման ուղղությամբ։

Մեր արձագանքը

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու կանխամտածված ոչնչացումը որակվում է պատերազմական հանցագործություն՝ համաձայն Հռոմի ստատուտի 8-րդ հոդվածի 2-րդ կետի «b» (ix) կամ «e» (iv) ենթակետերի, և կարող է հավասարվել մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործության (Հոդված 7, կետ 1, «h») https://www.icc-cpi.int/sites/default/files/2024-05/Rome-Statute-eng.pdf ։

Եկեղեցու ոչնչացումը 1954թ. Հաագայի կոնվենցիայի «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիա) 4-րդ հոդվածի  և 1954 թ. Հաագայի կոնվենցիային կից 1999թ. Երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի կոպիտ խախտում է https://www.unesco.org/en/heritage-armed-conflicts/1954-convention ։

Եկեղեցու ոչնչացումը ՄԱԿ-ի Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշման կոպիտ խախտում է (UN International Court of Justice, Order on Provisional Measures, Armenia v. Azerbaijan, https://www.icj-cij.org/node/106095)։ Դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների դեմ։ Դատարանն այս գործողությունները կապել է 1965 թ. «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի հետ՝ համարելով դրանք պետական մակարդակով խրախուսվող հայատյացության քաղաքականություն։

Ստեփանակերտի եկեղեցու կանխամտածված ոչնչացման գործողությունը հանդիսանում է Եվրոպական խորհրդարանի 2022 թ. մարտի 10-ի «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» (N 2582) բանաձևի խախտում (European Parliament  Resolution on the destruction of cultural heritage in Nagorno-Karabakh, 2022/2582(RSP), 2022.)։ Բանաձևը կոչ է անում Ադրբեջանին բացառել ցանկացած միջամտություն և պահպանել ժառանգության իսկության սկզբունքը։

Եկեղեցու քանդումը հակասում է Եվրոպական խորհրդարանի կողմից մշակված մշակութային գլոբալ քաղաքականության ռազմավարությանը (European Parliament, Implementation of the European agenda for culture and of the EU strategy for international cultural relations, European Implementation Assessment, https://www.europarl.europa.eu/RegData/etudes/STUD/2022/734663/EPRS_STU(2022)734663_EN.pdf)։ Այս զեկույցը կարևորում է ԼՂ մշակութային արժեքների պաշտպանությունը՝ որպես եվրոպական մշակութային օրակարգի հրատապ հարց։

Այս ցանկը կարելի է երկար շարունակել:

Միջազգային սովորութային իրավունքը, որի հիմքը նաև ոլորտի գլխավոր՝ Հաագայի 1954 թ. և Ժնևի 1949 թ. կոնվենցիաներն ու արձանագրություններն են, ժառանգության հարգման իրավունքն ազատում են տարածքային պատկանելության և ազգային պետության հռչակման հանգամանքներից՝ ժառանգության անձեռնմխելիության կանոնն ամրագրելով որպես ժողովրդի ինքնորոշման իրավունքից բխող ֆունդամենտալ իրավունք։ Այսինքն՝ միջազգային սովորութային իրավունքը թույլ է տալիս պատերազմի ժամանակ մշակութային ժառանգության անձեռնմխելիության կանոնը պարտադիր դարձնել նաև կոնվենցիային չանդամակցող պետությունների համար։ Արցախի մշակութային նյութական և ոչ նյութական ժառանգությունը միջազգային կանոնակարգերով ունի պաշտպանության լիարժեք իրավունք և բոլոր երաշխիքները, որոնք պարտադիր են բոլոր պետությունների՝ ներառյալ Ադրբեջանի համար։

Արցախի Հանրապետության՝ ՄԱԿ-ի կողմից որպես անկախ պետություն ճանաչված չլինելու և հետևաբար ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ոլորտի այլ կոնվենցիաներին  կողմ չհանդիսանալու փաստը պատնեշ չէ ժառանգության պաշտպանությանը, նախ որովհետև հակամարտության ընթացքում և տարածքների բռնազավթման արդյուքնում Ադրբեջանը կողմ լինելով Հաագայի և ժնևի կոնվենցիաներին և լրացուցիչ արձանագրություններին  պարտավորվում է չվնասել, չթիրախավորել, հաշվեհարդարի առարկա չդարձնել թե՛ իր և թե՛ այլ պետության տարածքի, կամ այլ խմբին պատկանող մշակութային ժառանգությունը։ Երկրորդ՝ համանման իրավիճակներում՝ ներառյալ Արցախի դեպքում գործում են միջազգային  սովորութային նորմերը և Միջազգային հումանիտար իրավունքը, որոնք կարող են ժառանգությունը պաշտպանել առանց նախապայմանների»։