Ինչից պետք է զգուշանալ հողագործական աշխատանքներ իրականացնելիս
Հողագործական աշխատանքներ իրականացնելիս խիստ կարևոր է պահպանել թունաքիմիկատների օգտագործման անվտանգության կանոնները` խուսափելու թունավորումներից։ Այս մասին նշում են առողջապահության նախարարությունից։
Նախորդ տարի արձանագրված դեպքերի համաճարակաբանական վերլուծությունը վկայում է, որ թունաքիմիկատներից թունավորման դեպքերի պատճառ են հանդիսացել քիմիական նյութերի և թունաքիմիկատների ոչ պատշաճ պահպանումը, բնակչի կամ ծնողի անուշադրությունը կամ անփութությունը, անհատական պաշտպանության միջոցներ չկիրառելը և այլն:
Թունավորումներից խուսափելու նպատակով ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է.
- քիմիական նյութերը և թունաքիմիկատները պահել բարձր տեղում` սկզբնական փաթեթավորմամբ, հատուկ տարածքում, փակվող տուփերում, երեխաների համար անհասանելի վայրում,
- թույլ չտալ երեխային խաղալ քիմիական նյութերի և թունաքիմիկատների փաթեթներով,
- կարդալ քիմիական նյութերի և թունաքիմիկատների հրահանգները և տեղյակ լինել դրանց վտանգի մասին,
- միշտ, հատկապես` փակ տարածքներում, օգտագործել ամբողջական պաշտպանիչ հանդերձանք՝ դիմակ, ձեռնոց, ակնոց և հատուկ հագուստ,
- աշխատանքի ընթացքում չհանել պաշտպանիչ հանդերձանքը, նույնիսկ կարճ ժամանակով,
- աշխատանքից հետո պարտադիր լվանալ ձեռքերը և դեմքը,
- պաշտպանիչ հանդերձանքը պահել առանձին և լվանալ մյուս հագուստներից առանձին:


