Ինչից պետք է զգուշանալ հողագործական աշխատանքներ իրականացնելիս

Հողագործական աշխատանքներ իրականացնելիս խիստ կարևոր է պահպանել թունաքիմիկատների օգտագործման անվտանգության կանոնները` խուսափելու թունավորումներից։ Այս մասին նշում են առողջապահության նախարարությունից։ 

Նախորդ տարի արձանագրված դեպքերի համաճարակաբանական վերլուծությունը վկայում է, որ թունաքիմիկատներից թունավորման դեպքերի պատճառ են հանդիսացել քիմիական նյութերի և թունաքիմիկատների ոչ պատշաճ պահպանումը, բնակչի կամ ծնողի անուշադրությունը կամ անփութությունը, անհատական պաշտպանության միջոցներ չկիրառելը և այլն:

Թունավորումներից խուսափելու նպատակով ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է.

  • քիմիական նյութերը և թունաքիմիկատները պահել բարձր տեղում` սկզբնական փաթեթավորմամբ, հատուկ տարածքում, փակվող տուփերում, երեխաների համար անհասանելի վայրում,
  • թույլ չտալ երեխային խաղալ քիմիական նյութերի և թունաքիմիկատների փաթեթներով,
  • կարդալ քիմիական նյութերի և թունաքիմիկատների հրահանգները և տեղյակ լինել դրանց վտանգի մասին,
  • միշտ, հատկապես` փակ տարածքներում, օգտագործել ամբողջական պաշտպանիչ հանդերձանք՝ դիմակ, ձեռնոց, ակնոց և հատուկ հագուստ,
  • աշխատանքի ընթացքում չհանել պաշտպանիչ հանդերձանքը, նույնիսկ կարճ ժամանակով,
  • աշխատանքից հետո պարտադիր լվանալ ձեռքերը և դեմքը,
  • պաշտպանիչ հանդերձանքը պահել առանձին և լվանալ մյուս հագուստներից առանձին: