FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Գագիկ Ծառուկյանը ճիշտ է ասել. Տնտեսագիտության դոկտորի փաստարկներն ու հակափաստարկները

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը փաստերով ու կոնկրետ հաշվարկներով հակադարձում է «Փաստերի ստուգման հարթակի» (FIP)՝ Գագիկ Ծառուկյանի հնչեցրած թվերի վերաբերյալ հրապարկմանը։

««Փաստերի ստուգման հարթակը» կոպտագույն սխալ է թույլ տվել. ինչ-որ թիվ մի աղբյուրից վերցնել ու ասել այս թիվն այսքան է, ուրեմն դա իրականության հետ որևէ աղերս չի կարող ունենալ։

Չի կարելի «Փաստերի ստուգման հարթակ» հանդիսանալ և չստուգված, մերկապարանոց հայտարարություն անել և թյուրիմացություն փորձել ստեղծել։ Մասնագիտական գնահատականն այն է, որ պարոն Ծառուկյանը շատ էլ ճիշտ նպատակակետին է ասել, մի բան էլ քիչ է ասել»,- ասում է Մ.Մելքումյանը։

Նրա հակափաստարկներից մեկը ՌԴ-ից Հայաստան եկած տրանսֆերների վերաբերյալ Կենտրոնական բանկի հրապարապած պաշտոնական թվերն են ու դրանց հիման վրա արված պարզ հաշվարկը։ Նա նաև այլ հիմնավորում և հաշարկ է ներկայացնում. «Տարեկան քանի՞ աշխատանքային միգրանտ կամ քաղաքացի է գնում Ռուսաստան աշխատելու։ Եթե նույնիսկ վերացնենք 100-130 հազար մարդ է, ամենացածր թիվն եմ ասում տարեկան կտրվածքով, եթե ամսական էլ 1000-1500 դոլար են աշխատում, միջանկյալը վերցնեմ՝ 1250 դոլար, դա բազմապատկեմ 120-130 հազար մարդով, արդեն ամսական կտրվածքով կստանամ 150-160 միլիոն դոլար»։

Մելքումյանը հայտարարում է, որ պատրաստ է բանավիճել ցանկացած մասնագետի հետ՝ հիմնավորելու իր ներկայացրած հաշվարկներն ու մասնագիտական վերլուծություն ներկայացնել, իսկ «Փաստերի ստուգման հարթակին» կոչ է անում չմոլորեցնել հանրությանը, հրապարակման հիմքում մասնագիտական հաշվարկներ ու փաստարկներ ներկայացնել։

Նշենք, որ Կոտայքի մարզ այցի ընթացքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է «Ռուսաստանից ամսական 150-180 մլն դոլար տրանսֆեր է գալիս Հայաստան։ Ըստ «Փաստերի ստուգման հարթակի», Գագիկ Ծառուկյանի հրապարակած թվային տվյալները ճշգրիտ չեն։

Մանրամասն՝ «Կենտրոն» հեռուստաընկերության տեսանյութում։