30 տարի շարունակ նախարարությունը չի վստահել ուսուցիչներին, այսօր լավ հնարավորություն էր ստեղծվել (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանը, որի հետ խոսեցինք նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում հեռավար ուսուցման արդյունավետությունից: Ըստ փորձագետի՝ ընդհանուր համակարգն արդարացրեց իրեն, բայց նաև բազմաթիվ խնդիրներ ու բացթողումներ եղան:

Անդրադառնալով դպրոցներում աշակերտների 20-25 տոկոսին, որոնք տեխնիկական հնարավորություններից զրկված լինելու պատճառով չեն կարողացել երկու ամիս շարունակ մասնակցել հեռավար դասընթացներին, փորձագետն ասաց, որ նրանք հիմնականում առաջադիմություն չցուցաբերող երեխաներն են, որոնց գոյությունը միշտ եղել է: Պարզապես դպրոց հաճախելու ժամանակ հնարավոր է եղել դասերին նրանց ֆիզիկական ներկայությունն ապահովել, բայց նրանք ուսումնական գործընթացին չեն մասնակցել:

Սերոբ Խաչատրյանն անդրադարձավ  նաև օրերս ԿԳՄՍ նախարարի հայտարարությանը, ըստ որի՝ չնայած հեռավար դասերը կշարունակվեն մինչև մայիսի 22-ը, բայց աշակերտների գնահատականները կամփոփվեն մինչև մարտի 13-ը ստացած գնահատականների հիման վրա: Նախարարի այս որոշումը բազմաթիվ ծնողների զայրույթն էր հարուցել: Ծնողները դժգոհ են, որ իրենց երեխաները փետրվարին ձմռանը տարածված գրիպի պատճառով բնականոն չեն հաճախել դասերին, հետևապես ցածր գնահատականներ են ստացել, քանի որ հիվանդության պատճառով հետ են ընկել դասերից: Բայց հեռավար դասերին պարտաճանաչորեն մասնակցել են, լրացրել բացթողածը և լավ առաջադիմություն ցուցաբերել: Բայց ստացվում է, որ այդ առաջադիմությունը հաշվի չի առնվելու: Սերոբ Խաչատրյանը կիսեց ծնողների մտահոգությունը և հույս հայտնեց, որ նախարարությունում կամ կառավարությունում կվերանայեն այդ մոտեցումը:

Մանրամասները՝ տեսանյութում