Ի՞նչ նկատի ունեմ, երբ ասում եմ՝ ՀՀ ընտրություններում Ադրբեջանն ունի իր թեկնածուն. Արման Թաթոյան
«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը նախօրեին նամակ էր հղել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին՝ հակազդելու հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք ԱԺ ընտրություններին Ադրբեջանի միջամտությանը։ Այսօր նա մանրամասնել է, թե ինչ նկատի ունի, երբ ասում է՝ ՀՀ ընտրություններում Ադրբեջանն ունի իր թեկնածուն։
«Պետք է հակազդել հունիս 7-ին Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններին ադրբեջանական անօրինական միջամտությանը։
Ի՞նչ նկատի ունեմ։
Վերջին ժամանակներս ադրբեջանական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Ադրբեջանի նախագահի, ՊՆ վերահսկողության ներքո գտնվող լրատվամիջոցներ հայտարարում են, որ պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանում իշխանությունը մնա այն ուժերի ձեռքում, որոնց գործունեությունը համահունչ է Ադրբեջանի ռազմավարական նպատակներին։ Դրանից բացի՝ ահաբեկում են հայ ժողովրդին, սպառնում են պատերազմով, նշում են՝ տարածքային նոր պահանջներ կներկայացնեն, ակնհայտորեն նկատի ունենալով այն, թե պետք է ամեն ինչ անել, որ վերընտրվի Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն։
Քանի որ Եվրամիությունը հայտարարել է, որ ունի գործիքակազմ արտաքին միջամտությունների դեմ պայքարում, մասնավորապես պայքարելու է Ռուսաստանի կողմից Հայաստանի ընտրություններին միջամտության դեմ, ԵՄ պատվիրակության ղեկավարին ուղղված նամակով երկու հարց եմ բարձրացրել՝ պետք է հայտարարել, որ կա Հայաստանում Հայաստանի ընտրություններին ադրբեջանական միջամտություն, դատապարտել այդ միջամտությունը, ընդլայնել ԵՄ գործիքակազմը, որով ընթացիկ վերահսկողություն կսահմանվի նաև ադրբեջանական միջամտության դեմ, որ կանխվեն բոլոր փորձերը։
Եթե պայքար ենք տանում ընտրություններին արտաքին միջամտության դեմ, ապա այդ մոտեցումը պետք է լինի հավասար, տարածվի բոլոր երկիրների վրա ու բոլոր այն դեպքերի վրա, երբ կա նման միջամտություն»։

