Աբրահամը 100 տոկոս նույն խոսքը կասեր որևէ այլ վարչապետի, կամ ընդդիմության ուժի առաջնորդի, որը կնախաձեռներ նրա անվան դպրոցի շինարարություն
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․
«Այստեղ ձեզ բոլորը սիրում են, որովհետև մտնում եք ժողովրդի մեջ: Չեմ ասի 100 տոկոսը, բայց մի 70-80 տոկոսը սիրում են, ու դպրոցն էլ որ կառուցում եք, բոլորը ուրախ են: Այս մտքերի հեղինակը պրոֆեսիոնալ բոքսի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն է: Իսկ խոսքերը նա ասում է Նիկոլ Փաշինյանին: Իսկ դա էլ տեղի է ունենում Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը: Մարզադպրոցը կառուցվում է Չարբախում, որը կարծես թե Աբրահամի բնակության թաղն է:
Չգիտես ինչու ինձ թվում է, որ Աբրահամը 100 տոկոս նույն խոսքը կասեր որևէ այլ վարչապետի, կամ անգամ ընդդիմության ուժի առաջնորդի, որը կնախաձեռներ նրա անվան դպրոցի շինարարություն:
Իհարկե, լինելով մեծ մարզիկ, միշտ չէ, որ նույնքան է լինում քաղաքացիական մեծությունը: Ընդ որում, հարցն այն չէ բոլորովին, որ բռնցքամարտիկը պետք է այդպես չարտահայտվի Փաշինյանի մասին և արտահայտվի օրինակ որևէ ընդդիմադիր գործչի մասին:
Պարզապես, մարդը, որ օրինակ նույն կերպ ջերմորեն շրջապատում էր իրեն բարձրաստիճան պաշտոնյաներով մինչև 2018 թվականը, և իրեն գտնում էր այդ պաշտոնյաների շրջապատում, այսօր թերևս պետք է մի քիչ զուսպ լինի «նախկիններ մերկացնող» Նիկոլ Փաշինյանին փառաբանելիս: Իսկ Արթուր Աբրահամը կարծես թե իրեն միշտ լավ էր զգում օրինակ նախկին գլխավոր դատախազ, հետո Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Գառնիկիչի կողքին, երբ նա դատախազ էր կամ ՔԿ նախագահ, և ընդհանրապես՝ նախկին համակարգի առանցքային դերակատարներից էր: Իսկ հիմա, ի դեպ, քրեորեն հետապնդվողներից է:
Բոլոր դեպքերում, այսօր Աբրահամը կարող էր պարզապես զերծ մնալ որևէ մեկին դիֆերամբներ ձոնելուց»:

