Տուսկը բարձր է գնահատել հայ-լեհական հարաբերությունները
Հայ-լեհական հարաբերությունները բարեկամական են՝ առանց որևէ նախապայմանների։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ։
Տուսկը բարձր է գնահատել ՀՀ վարչապետի ջանքերը աշխարհաքաղաքական բարդ պայմաններում խաղաղության հասնելու ուղղությամբ՝ համոզմունք հայտնելով, որ այն բարդ և մեծ աշխատանք պահանջող, բայց կարևոր ճանապարհ է։
«Մենք զգուշությամբ, բայց բաց ենք Եվրամիությունը ընդլայնելու հարցում, բոլոր այն երկրների համար, որոնք կրում են նույն արժեքները, ընտրում են ժողովրդավարությունը, անկախությունը, խաղաղությունը։ Վստահ եմ, որ Ձեր վարած քաղաքականությունը հենց այդ ճանապարհով է ընթանում»,-ընդգծել է Լեհաստանի վարչապետը՝ դիմելով Փաշինյանին։
Անդրադառնալով Հայաստանի ու Լեհաստանի միջև ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրին, Տուսկը համոզմունք է հայտնել, որ անվտանգության ոլորտում հայ-լեհական համագործակցությունը բարենպաստ ազդեցություն կունենա ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ տարածաշրջանի համար։
Ավելի վաղ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինյակ Կամիշը ստորագրել են ռազմատեխնիկական համագործակցության հուշագիր։

