«Հայաքվե»-ն ընտրություններին կմասնակցի այլ ուժերի հետ

«Հայաքվե» նախաձեռնությունն ընտրություններին կմասնակցի այլ գաղափարակից ուժերի հետ։ Այս մասին այսօր ասուլիսում հայտարարել է նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

«Հաշվի առնելով առկա իրողությունները՝ մենք մեր ուժերը կհամադրենք գաղափարակից այլ կառույցների, կազմակերպությունների հետ։ Միասնական ճակատով պետք է հանդես գանք, որպեսզի այլևս թույլ չտանք ընտրողների ձայների փոշիացում, կարողանանք պարտության մատնել այս վարչախմբին, կարողանանք իրական իշխանափոխություն իրականացնել»,-ասել է Ավետիք Չալաբյանը, սակայն փակագծեր չի բացել, նշելով, որ ավելի ուշ երբ ներկա լինեն բոլոր ուժերը,  այդ ժամանակ կասեն, թե որի հետ կմիանան, հակառակ դեպքում թույլ կտա բանակցային էթիկայի խախտում։ 

«Հայաքվե»-ն ընտրվելու դեպքում խոստանում է դպրոցը դարձնել 11-ամյա, բարձրացնել կենսաթոշակները, ավելացնել պաշտպանական ծախսերը, զինվորական ծառայությունը դարձնել գրավիչ ու պատվաբեր, վերացնել հասարակության մեջ առկա բաժանարար գծերը։

Չալաբյանը նշել է, որ այս բարդ տարածաշրջանում մեր պետության գոյությունը պահպանելու համար պետք է բազմապատկենք մեր ուժերը, պետությունը պաշտպանենք մեր իրական ուժով։

«Այդ նպատակով մենք կհամախմբենք մեր հասարակությանն արտաքին վտանգի դեմ պայքարում, կմեղմենք կամ կվերացնենք այն բաժանարար գծերը, որ ստեղծել է այս վարչախումբը։ Մենք հետևողականորեն կուժեղացնենք մեր բանակը»,-ասել է նա։