Երեխաները չեն հավատում, որ սա իրականություն է․ Վիգեն Էուլջեքչյանի կինը ժամանել է (տեսանյութ)

Նախօրեին գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինը ժամանեց Երևան’ տեսակցելու ամուսնուն։ «Զվարթնոց» օդանավակայանում նա չէր կարողանում զսպել հուզմունքը և պատասխանել լրագրողների հարցերին։

«Ես շատ երջանիկ եմ, միայն ուզում եմ տեսնել Վիգենին, թողեք գնամ։ Ես հիմա միայն ուզում եմ տեսնել Վիգենին։ Երեխաները չեն հավատում, որ սա իրականություն է, շատ ուրախ են»,–լաց լինելով ասաց կինը։

Նա նաև հայտնեց, որ երբ Վիգենը լինի Լիբանանում, որդու պսակադրությունը տեղի կունենա, որին այդքան սպասել են։

Հիշեցնենք, որ նախօրեին Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը և Վագիֆ Խաչատրյանը վերադարձել են ադրբեջնական գերեվարությունից։

Գևորգ Սուջյանը ընկերոջ՝ Դավիթ Դավթյանի հետ գերեվարվել էին հրադադարից հետո՝ նոյեմբերի 11-ին, Արցախ հումանիտար օգնություն տեղափոխելիս։ Սուջյանը Արցախ էր գնում որպես բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ։ Նրանք երկուսն էլ Ադրբեջանում դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման։

Լիբանանահայ Վիգել Էուլջեքչյանը, որը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել, գերեվարվել էր կրկին Գորիս-Բերդաձոր ճանապարհին՝ հրադադարի հաջորդ օրը։

Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանցիները գերի էին վերցրել 2023 թվականի հուլիսի 29-ին Հակարիի կամրջի մոտից՝ Կարմիր Խաչի ուղեկցությամբ բլոկադայի մեջ գտնվող Արցախից Հայաստան տեղափոխվելիս։

News.am-ի տեսանյութը օդանավակայանից