Հաստատվեց Արցախից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագիրը

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 25–ի նիստում հաստատեց Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագիրը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագիրը կնպաստի արցախցիների տնտեսական կայունացմանը, արտագաղթի ու արտագնա աշխատանքի մեկնման ռիսկի նվազեցմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը։

Նախագծով առաջարկվում է աջակցության տրամադրում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու հանդիսացող, հավաստագիր ստացած, գործունեության որևէ տեսակով ՀՀ–ում չզբաղված և վերջին 3 ամսվա ընթացքում հարկ վճարող չհանդիսացող անձանց։ Նախատեսվում է, որ ծրագրում շահառուն կարող է ընդգրկվել 1 անգամ, ընդ որում՝ շահառու կարող է  լինել յուրաքանչյուր ընտանիքի միայն 1 անդամ։

Նախագծով առաջարկվում է Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության ապահովման նպատակով տրամադրել աջակցություն հետևյալ ուղղություններով՝

1) ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցություն (այդ թվում՝ խորհրդատվություն, բիզնես ուսուցում, որի շրջանակում նաև գործարար ծրագրի մշակում և ձեռնարկատիրական գործունեության իրականացման ուղեկցում 12 ամիս ժամկետով)

2) գործարար ծրագրերի իրականացման համար դրամաշնորհների տրամադրում։

Նախագծով առաջարկվում է կազմակերպությանը վճարել՝

1) յուրաքանչյուր շահառուի բիզնես ուսուցման համար՝ առավելագույնը 300,000 դրամ,

2) յուրաքանչյուր շահառուի 12 ամիս (ամսական միջինում 10 ժամի համար) բիզնես ուղեկցման համար՝ ամսական 60,000 դրամ։

Շահառուին ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար առաջարկվում է տալ դրամաշնորհ գործարար ծրագրով նախատեսված գումարի 70%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը։

Գործարար ծրագրի իրականացման համար շահառուն կարող է ներգրավել նաև կապիտալ միջոցներ կամ տարածքի վարձակալության համար հավելյալ միջոցներ՝ օրենքով չարգելված այլ աղբյուրներից։

Նախագծով առաջարկվում է ձեռնարկատիրական գործունեության մեկնարկից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում շահառուին փոխանցել դրամաշնորհի գումարի 50%-ը, իսկ հիմնական միջոցների ձեռքբերման անհրաժեշտության դեպքում՝ մինչև 70%-ը՝ ձեռք բերված հիմնական միջոցների գնումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում։ Գումարի մնացած մասն առաջարկվում է փոխանցել շահառուին գործունեության իրականացման մեկ տարին լրանալուց հետո։