Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ անմեղ է իրեն առաջադրված մեղադրանքների շրջանակում

Արցախի նախագահի խորհրդական, նախկին ԱԳ նախարար (2021–2023), պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանը ծնվել է 1973թ ապրիլի 5-ին, Ստեփանակերտում, և հանդիսանում է Արցախի Պահպանողական կուսակցության հիմնադիր նախագահը։ Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան և դասախոսական գործունեություն է ծավալել։

2023 թ սեպտեմբերի 28-ին Դավիթ Բաբայանը հայտարարեց, որ որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի՝ ադրբեջանական կողմին ներկայանալու համար։

Նա նշել էր, որ գտնվում է Ադրբեջանի «սև ցուցակում» և ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ հետաքննության նպատակով։ «Գիտեմ, որ այս որոշումը մեծ ցավ ու անհանգստություն կպատճառի իմ հարազատներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։ Չներկայանալը կամ, ավելի վատ, փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր ժողովրդին։ Որպես ազնիվ մարդ, աշխատավոր, հայրենասեր և քրիստոնյա՝ չեմ կարող դա անել»։

Դավիթ Բաբայանը ապօրինի ձերբակալվել է ադրբեջանական ուժերի կողմից և տարվել Բաքու։ Նա շարունակում է մնալ կանխարգելիչ կալանքի տակ և դատվում է Բաքվի ռազմական դատարանում՝ ևս 14 հայերի հետ միասին, Ադրբեջանի Քրեական օրենսգրքի մի քանի տասնյակ հոդվածներով, ներառյալ ցեղասպանություն, վարձկանություն և ահաբեկչություն։

2025թ փետրվարի 27-ին կայացած նիստում Բաբայանը հայտարարել է, որ անմեղ է իրեն առաջադրված մեղադրանքների շրջանակում՝ ընդգծելով, որ երբեք չի տարածել ատելություն և չի կարող լինել ներկայացված գործողությունների հեղինակ։ 2025թ սեպտեմբերի 5-ին կայացած նիստում Բաբայանը, ըստ հաղորդման, խնդրել է հնարավորություն տալ մեկնաբանելու իր նախաքննական ցուցմունքը։ Դատարանը հայտարարել է, որ նման հնարավորություն կտրվելու է հաջորդ նիստում, սակայն բաց աղբյուրներում այդ մեկնաբանությունները հասանելի չեն։ 2025թ նոյեմբերի 13-ին դատախազությունը պահանջել է Բաբայանին դատապարտել ցմահ ազատազրկման։ Խոսեք նրանց մասին, միացեք հայ պատանդների ազատության միջազգային արշավին։

«Ազատություն հայ պատանդներին»