Իրանն ու Պակիստանը ահաբեկչության դեմ պայքարում ավելի սերտ համագործակցության անհրաժեշտություն են տեսնում

Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին Իսլամաբադում հանդիպել է Պակիստանի բանակի շտաբի պետ, ֆելդմարշալ Սայեդ Ասիմ Մունիրին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։

Իրանական գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Սայեդ Ասիմ Մունիրն ընդգծել է Իրանի հետ ավելի սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի և երկու հարևանների առջև ծառացած անվտանգության մարտահրավերների հաղթահարման գործում։

Հաղորդվում է, որ Ալի Լարիջանին ընդգծել է երկու երկրների միջև համակարգման և համագործակցության կարևորությունը՝ տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու և երկարաժամկետ կայունություն ապահովելու համար։

Նշվում է, որ հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաև Լարիջանիին ուղեկցող բարձրաստիճան պատվիրակությունը, կողմերը քննարկել են հարաբերությունների ամրապնդումը, ահաբեկչության դեմ պայքարը, Իսլամաբադի և Թեհրանի միջև ռազմավարական համագործակցության նոր ուղիները, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության փոփոխվող իրավիճակը։