Կարծում եմ՝ Արման Թաթոյանը մոլորության մեջ է. քաղաքական վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է․

««Միասնության թեւեր» շարժման ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը այսօր հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին հաղթելու համար նախկին երեք նախագահները պետք է դուրս գան քաղաքականությունից: Խոսքը մինչեւ 2018 թվականը պաշտոնավարած նախագահների մասին է:
Կարծում եմ, Արման Թաթոյանը մոլորության մեջ է, եթե անկեղծորեն կարծում է, որ նախկին երեք նախագահների՝ քաղաքական պրոցեսներում չլինելը դառնալու է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործուն միջոց:
Ըստ իս, սա նույնիսկ թեմա է, որի վրա փորձ է արվում ընդհանրապես միավորներ հավաքել քաղաքական դաշտում, ոչ ավելի: Եվ սա չի վերաբերում միայն Թաթոյանին, այլ գործնականում բոլոր այն ուժերին, որոնք այս միտքն են առաջ մղում, իբրեւ Փաշինյանի դեմ պայքարում հաջողության գրավական:
Կրկնեմ, սա մոլորություն է, եթե արտահայտվում է որպես անկեղծ պատկերացում: Դե, իսկ եթե դրա ներքո կան արդեն այլ հաշվարկներ, ապա, գործ ունենք իհարկե ուրշ բանի հետ:
Իսկ ինչու՞ է մոլորություն: Եթե երեք նախկին նախագահները ոչ միայն քաղաքականությունից, այլ նույնիսկ հեռանան կյանքից (երկար կյանք նրանց բոլորին), ապա միեւնույն է, նրանց «ստվերը» քարոզչական դաշտում անխնա ծառայեցվելու է ցանկացածին նրանցից որեւէ մեկի հետ կապելու համար:
«Կապելու» պրոցեսը ռացիոնալ չէ շատ վաղուց: Դա իռացիոնալ հանրային ընկալումների վրա կատարվող խաղադրույք ու հաշվարկ է, ու այն աշխատելու է մշտապես:
Հենց այստեղ է առանցքայինը, որ պետք է աշխատել հանրային ընկալումների դաշտում ռացիոնալության տարածությունը մեծացնելու վրա, ինչի հարցում որեւէ նշանակություն չունի՝ երեք նախկին նախագահները քաղաքական դաշտում են, թե՞ ոչ:
Օրինակ, գործնականում բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ կա հանրության առնվազն 50-60 տոկոս մի հատված, որը չի հարում որեւէ քաղաքական ուժի, չի վստահում գործող ուժերին:
Որեւէ նոր ուժի համար այդտեղ է աշխատանքային հիմնական դաշտը: Եվ այդ դաշտում չունի նշանակություն՝ նախկին նախագահները քաղաքականության մեջ են, թե ոչ: Այդ դաշտին պետք է ներկայացնել քաղաքական նոր առաջարկ, որը կլինի վստահելի եւ քաղաքական գործընթաց կներառի հանրային նոր շերտեր ու խմբեր:
Ի դեպ, ինչպես նկատել եմ մի քանի անգամ, կարծես թե այդ տրամաբանությամբ աշխատանքի մոդելն է ընտրել Սամվել Կարապետյանի ձեւավորած շարժումը: Համենայն դեպս, գոնե մինչ այժմ այդ շարժումը չի հայտարարել, թե նախկին նախագահները պետք է դուրս գան քաղաքականությունից: Այո, ասել են, որ ընտրությանն ընդառաջ չեն գործակցի նրանց հետ, բայց կարծես թե չեն հայտարարել, որ պետք է նրանք դուրս գան քաղաքականությունից:
Սա ռացիոնալ է, սա է ռացիոնալը:
Ի վերջո, նախկին երեք նախագահներն ունեն իրենց համակիրների սեգմենտը, որ ապահովում է ընդդիմադիր քաղաքական տրամադրվածությամբ կայուն շերտեր: Այո, այդ շերտերի հավաքական ծավալը բավարար չէ Նիկոլ Փաշինյանի զբաղեցրած տեսակարար կշռի վճռորոշ նվազեցման համար:
Բայց, այստեղ լուծումն այն չէ, որ չլինեն այդ շերտերը, այլ այն, որ լինեն նորերը՝ եւ ոչ եղածի հաշվին:
Կարծում եմ, սա էական է»։

Հիշեցնենք, որ այսօր «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հայտարարել է. «Եթե պաշտոնաթող նախագահներն ուզում են Նիկոլ Փաշինյանը չհաղթի, ուրեմն պետք է դուրս գան 2026թ ընտրապայքարից»։