Փաշինյանի հրավիրած հավաքին մասնակցող քաղծառայողներին համալիր են բերում ավտոբուսներով և միկրոավտոբուսներով
Այսօր Նիկոլ Փաշինյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպել է «Պետական մարմինների ներկայացուցիչների համաժողով» անունով միջոցառում։ Միջոցառումը սկսվելու է կեսօրին, մասնակիցներն արդեն ժամանում են մարզահամերգային համալիր։
News.am-ը հայտնում է, որ քաղծառայողներին համալիր են բերում ավտոբուսներով և միկրոավտոբուսներով։
«Հրապարակ» թերթը մանրամասներ էր հայտնել հավաքի օրակարգից. «Այն սկսվելու է կեսօրին, մասնակիցներին կանչել են ժամուկես շուտ, որ գրանցվեն։ Սկզբում ներս կբերվի ՀՀ եռագույնը, կհնչի օրհներգը, ապա ելույթ կունենա Փաշինյանը՝ «Պետության հարատևության բանաձևը» թեմայով։ Ապա կլինի հարցուպատասխան՝ QR համակարգի միջոցով, այսինքն՝ գրավոր։ Դրան կհաջորդի երաժշտական ընդմիջում։
2-րդ մասում՝ «Պետական կառավարման համակարգի արդյունավետությունը որպես տնտեսական զարգացման կարևոր գործոն» վերտառությամբ, ելույթ կունենան նախարարներ Գևորգ Պապոյանը, Սրբուհի Գալյանը, Ժաննա Անդրեասյանը և փոխվարչապետները»։

