Սեզոնին բնորոշ չոր և երբեմն քամոտ եղանակի հետևանքով էապես բարձրացել է հրդեհների առաջացման վտանգը. «Դիլիջան» ազգային պարկ»
«Սեզոնին բնորոշ չոր և երբեմն քամոտ եղանակային պայմանների հետևանքով էապես բարձրացել է խոտածածկ և անտառային տարածքներում հրդեհների առաջացման վտանգը։ Այս պայմաններում «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հորդորում է ցուցաբերել առավելագույն զգոնություն, խստորեն պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները և ձեռնպահ մնալ խոզանների, չոր խոտի ու բուսական մնացորդների այրումից»,- հայտնում են «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից։
Մի այրեք չոր խոտը — մի այրեք բնությունը։
Չոր խոտի այրումը առաջին հայացքից կարող է անշեշտ թվալ, սակայն այն բերում է անդառնալի հետևանքների․
. Դուք ոչնչացնում եք անտառային ու մարգագետնային կենդանիների, միջատների, թռչունների և նրանց ձագերի կենսամիջավայրը։
. Վառելով չոր խոտը՝ ոչնչացնում եք բույսերի սերմերը և հողի վերին շերտում առկա սննդանյութերը՝ նպաստելով ոչ պիտանի բուսատեսակների տարածմանը։
. Խաթարվում է հողի բնականոն կառուցվածքը, որի վերականգնումը պահանջում է երկար տարիներ։
. Այրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում վնասակար գազեր, որոնք աղտոտում են օդը և վնասում առողջությանը։
Հիշեցում.
Ըստ ՀՀ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 21-րդ հոդվածի՝
Արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդները, չորացած բուսականությամբ տարածքները, ինչպես նաև արոտավայրերի և խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներում։
«Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և պահպանել անվտանգության հետևյալ կանոնները․
. Խարույկ վառեք միայն հատուկ թույլատրված և համապատասխան կերպով հարմարեցված վայրերում։
. Երբեք մի թողեք խարույկը առանց հսկողության․ հեռանալուց առաջ համոզվեք, որ այն ամբողջությամբ մարված է։
. Մի նետեք վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ խոտածածկ և անտառային տարածքներում։
. Մի թողեք ապակյա կամ լույս անդրադարձնող առարկաներ բնության գրկում․ դրանք կարող են արևի ճառագայթների ազդեցությամբ առաջացնել հրդեհ։
. Կրակի կամ ծխի նշաններ նկատելու դեպքում անմիջապես զանգահարեք 911՝ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայություն։
Պահպանենք բնությունը՝ պաշտպանելով այն հրդեհներից։
Բնությունը մեր ընդհանուր տունն է․ յուրաքանչյուր անզգույշ քայլ կարող է վտանգել այն»,- նշում են Դիլիջան ազգային պարկից։

