Դավիթ Գալստյանի խափանման միջոց տնային կալանքը փոփոխվեց
Արցախի նախկին պատգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոցը ևս փոխվեց։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը վերացրեց տնային կալանքը և սահմանեց վարչական վերահսկողություն և բացակայելու արգելք։
«Հաշի առնելով առողջական խնդիրները, որոնք ի հայտ են եկել մեղադրյալի մոտ, նաև հաշվի առնելով, որ դատական նիստերի ընթացքում ցուցաբերել է պատշաճ վարքագիծ, նաև ընտանիքի ֆինանսական վիճակը՝ միակ կերակրողն է, այլ անձինք չեն աշխատում ընտանիքում, որոշվեց տնային կալանքի եռամսյա ժամկետը լրանալուց՝ նոյեմբերի 25-ից հետո, փոփոխել, որպես խափանման միջոց կիրառել վարչական հսկողությունը, անփոփոխ թողնել խափանման միջոց 5 միլիոն դրամ գրավն ու բացակայելու արգելքը»,- ասաց դատավորը։
Ավելի վաղը Գալստյանի խափանման միջոցը փոխվել էր և սահմանվել տնային կալանք ու 5 մլն դրամի գրավ։
Հիշեցնենք, որ իշխանությունների հորինած գործով մեղադրանք է առաջադրվել «Սրբազան պայքարի» 18 անդամի՝ ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման հոդվածներով։ Այսպես կոչված «ռեպրեսիաների» գործով կալանավորվել է 18 անձ, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը, Տավուշի թեմի մամուլի քարտուղար, Սրբազան պայքարի մասնակից Լիդիա Մանթաշյանը, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանը, զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանը, Աղվան Արշակյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը, Կարո Օկոմուշյանը, Տիգրան Թոփալյանը, գործարար Տիգրան Գալստյանը, Հրայր սարկավագ Հակոբյանը, ակտիվիստ Արսեն Ղազարյանը։
Ավելի ուշ նույն գործով կալանավորվեց նաև Արթուր Սարգսյանը։ Հետագայում Հրայր սարկավագի, Աղվան Արշակյանի, Տիգրան Գալստյանի, Դավիթ Գալստյանի խափանման միջոցները փոխվել են։

